«Դատախազի բացակայությունը ես դիտում եմ որպես դիտավորություն հետաձգելու դատական նիստերը». փաստաբան

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ է քննվում անձնագիր տրամադրելու համար քաղաքացուց կաշառք վերցնելու գործը:

Այսօր նշանակված դատական նիստին ներկայացել էին ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու բաժանմունքի աշխատակիցները, նրանց պաշտպանները: Նիստին չէր ներկայացել դատախազ Էդգար Արամյանը: Դատավորը հայտնեց, որ քիչ առաջ դատախազի կողմի ստացել է գրություն, համաձայն որի, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով չի կարող ներկայանալ դատական նիստին:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի սկզբում ևս բարձրացվել էր նիստերին դատախազի չներկայանալու հարցը. դատախազ Էդգար Արամյանն էլ հայտնել էր, որ պատճառն իր աշխատանքային ծանրաբեռնվածությունն է:

Գործով ամբաստանյալ Արտյոմ Սեդրակյանի պաշտպան Ժաննա Կոտիկյանն իր խոսքում հիշեցրեց, որ արդեն 2-3 անգամ մեղադրողը դատական նիստին չի ներկայանում նույն պատճառաբանությամբ. «Դատախազի բացակայությունը ես դիտում եմ բացահայտ քմահաճ վերաբերմունք և դատական նիստերը հետաձգելու դիտավորություն: Ես խնդրում եմ հաղորդում ուղարկել ՀՀ Դատախազություն, պահանջել տեղեկություն, թե դատախազը  կոնկրետ որտեղ է եղել դատական նիստի, ինչո՞վ է ծանրաբեռնված եղել և ուշադրություն հրավիրելով այս փաստին՝ պարտավորեցնել, որ այսուհետ Արամյանը դատական նիստերին ներկայանա ճիշտ ժամանակին»:

Պաշտպանների կողմից առաջարկվեց նաև դատախազությանը ուղարկվելիք գրության մեջ շեշտել նաև այն, որ սույն գործով մասնակցում է 7 պաշտպան և այդ 7 պաշտպանները, ունենալով լուրջ աշխատանքային ծանրաբեռնվածություն, թողնում են մի շարք գործեր ու ներկայանում են նիստին:

«Յոթ ամիս Արտյոմ Սեդրակյանը անհիմն գտնվում է կալանքի տակ, ես միջնորդություն ներկայացրի քրեական հետապնդումը կարճելու և խափանման միջոցը վերացնելու համար, մինչդեռ դատախազը անգամ չբարեհաճեց հերքել իմ կողմից ներկայացված պատճառաբանությունները: Փորձում է արհեստականորեն ձգձգել կալանքը, մենք հազար անգամ առնչվել ենք նման հարցերին ու գոնե մենք լավ գիտենք այդ խոհանոցը»,- նշեց Ժաննա Կոտիկյանը:

Այնուհետ ընդմիջում հայտարարվեց, որի ընթացքում նախագահող դատավոր Վ.Գրիգորյանը  զանգահարեց դատախազություն` նիստը մի քանի ժամ հետաձգելու և դատախազի ներկայությունը նիստին ապահովելու համար. պարզվեց, որ դատախազը Էդգար Արամյանը Տավուշի մարզում է:

Դատական նիստը հետաձգվեց: Հաշվի առնելով պաշտպանների ծանրաբեռնվածությունը` հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 29-ին ժամը 12.00-ին:

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության, Արտյոմ Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքում որպես պետ,  ՀՀ-ից բացակայող Ա.Սլոյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու` անձամբ անձագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում, վերջինիս կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր հատկացնելու համար պահանջել է 5000 ԱՄՆ դոլոր: Ապա սակարկելուց հետո 2013թ. օգոստոսին ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.833.035 ՀՀ դրամի համարժեք` 4500 ԱՄՆ դոլոր կաշառք է պահանջել:

Այուհետև Ա.Սլոյանի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս անձամբ անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում նրա անունից կեղծ դիմում լրացնելու և անձնագրի կորստյան կեղծ գործ կազմելու համար պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային ծառայող Ս.Ունուսյանին անձամբ տվել է խոշոր չափերով` 203675 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրությոն և շահադիտական նպատակով անձամբ , ինչպես նաև իր ենթակայության տակ գտնվող պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային ծառայողների օժանդակությամբ կազմակերպել է պաշտոնեական կեղծիք: Ա.Սլոյանի ՀՀ-ում գտնվելու , անձամբ անձնագրային բաժանմունք ներկայանալու և Էրեբունու զինկոմիսարիատում հաշվառվելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ է մտցրել պաշտոնեական փաստաթղթերում, կազմել կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր է կազմվել, տպագրվել ու հանձնվել:

Այս ամենին մասնակցել են ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի աշխատակիցներ՝ Աիդա Սարգսյանը, Սոֆիա Ունուսյանը, Գոհար Զարգարյանը, Վահագն Մելքոնյանը: Արտյոմ Սեդրակյանի համար խափանման միջոց է ընտրվել կալանքը, մյուս աշխատակիցների, ինչպես նաև Նավո Ասոյանի (անձնագրի դիմաց գումար տվողը) համար որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

Զառա Մանուչարյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել