«Քոռ կոպեկի պատճառով էսքան պատմության մեջ ընկար»․ վկա Նանարը՝ ամբաստանյալ ընկերուհուն

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է անձնագրային բաժանմունքի աշխատակիցների գործով նիստը։ Նախ նշենք, որ նախորդ դատական նիստը չէր կայացել, քանի որ դատախազները լքել էին նիստերի դահլիճը։ Նոր մեղադրող Մանուչար Մարտիրոսյանը ժամանակ էր խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար։

Այսօրվա նիստը տեղի ունեցավ համամետաբար հանգիստ մթնոլորտում։ Նիստը սկսվեց վկա Փառանձեմ Մանուկյանի հարցաքննությամբ։ Փառանձեմը, ում շրջապատում Նանար են ասում, աշխատում է Էրեբունի և Նուբարաշեն անձնագրային բաժանմունքում՝ որպես 1-ին կարգի մասնագետ։ Վկայի խոսքով՝ նա մետերիմ է ամբաստանյալներ Աիդա Սարգսյանի և Սոֆա Ունուսյանի հետ։ Հարցաքննության ընթացքում Փառանձեմը պատմեց, որ լսել է, թե քաղաքից բացակայող քաղաքացուն անձնագիր է տրամադրվել։ Այս մասին լսել է հեռուստացույցով, այունհետև զանգահարել է Աիդային ու նրա հետ ունեցել է շատ կարճ հեռախոսազրույց։ Զրույցի ընթացքում, այն հարցին թե ինչ է պատահել, Աիդան ծիծաղելով պատասխանել է՝ լավ չի վիճակս, դատվելու եմ։ Փառանձեմն էլ պատասխանել է․ «Քոռ կոպեկի պատճառով էսքան պատմության մեջ ընկար»։

Արտյոմ Սեդրակյանի պաշտպան Ժաննա Կոտիկյանը միջնորդություն ներկայացրեց՝ հրապարակելու վկայի նախաքննական ցուցմունքը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Ցուցմունքը հրապարակելուց հետո պարզվեց, որ զրույցի ընթացքում ամբաստանյալ Աիդա Սարգսյանը Փառանձեմին ասել է․ «Կոպեկի զոհ դառանք», Փառանձեմն էլ հարցրել է՝ «Թուլափայի՞»։

Դատավորը փորձեց ճշտել, թե խոսքն ինչ գումարի մասին է եղել, վկան էլ նշեց, որ կոնկրետ գումարի մասին ոչինչ չի խոսվել։

Այունհետև վկային սկսեցին հարցեր տալ դատախազներն ու պաշտպանները։ Այն հարցին, թե որտեղից է վկան լսել տեղի ունեցածի մասին, վկան այս անգամ էլ պատասխանեց, որ կոնկրետ չի հիշում հեռուստատեսությամբ է լսել, թե՝ շրջապատի խոսակցություներից․ «Իմացա, որ տենց բան ա եղել ընկերուհիներիս հետ․ իմ ամբողջ շրջապատն էլ խոսում էր այդ մասին»։

Այուհետև հարցաքննվեց վկաներից Մարիամ Հովսեփյանը, ով նույնպես աշխատել է այդ անձնագրային բաժանմունքում՝ որպես 1-ին կարգի մասնագետ։ Վկան ճանաչել է բոլոր ամբաստանյալներին, բացի՝ Սլոյանից։

Մարիամ Հովսեփյանը պատմեց, որ դեպքի մասին իմացել է շրջապատից, այուհետև ամբաստանյալներից Գոհարից իմացել է, որ իր մասով «3000 դրամի պատմություն է»։ Դրանից հետո արդեն խոսել է նաև Աիդա Սարգսյանի և Սոֆա Ունուսյանի հետ․«Աիդան իմ երկար տարիների ընկերուհին է, զանգել էի, ասաց, որ գործով 7 հոգի են անցնում, ինձ թույլ չեմ տվել այլ մանրամասներ հարցնել»։

Դատախազը միջնորդություն ներկայացրեց՝ հրապարակել վկայի ցուցմունքը։ Պաշտպանների ծանրաբեռնվածության պատճառով հարցաքննությունը հետաձգվեց։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 13-ին։

Զառա Մանուչարյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել