«Ու՞մ եք հիմարի տեղ դրել, եթե քրեական գործ չկա հարուցած, ով է հիմար, ասեք տեսնեմ». ամբաստանյալի մայրը դատավորին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ անձնագիր տրամադրելու համար քաղաքացուց կաշառք վերցնելու գործով դատական նիստը: Նախագահող դատավոր Վլադիմիր Գրիգորյանը նիստի սկզբում հիշեցրեց, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր մեղադրող կողմի դատարան չներկայանալու պատճառով: Դատավորը, դիմելով դատախազ Էդգար Արամյանին, նշեց, որ հաջորդ անգամ նման քայլը կդիտվի որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և կկիրառի համապատասխան դատական սանկցիա:

Գործով ամբաստանյալ ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու բաժանմունքի պետ Արտյոմ Սեդրակյանի պաշտպան Ժաննա Կոտիկյանն էլ նշեց, որ տեղյակ է, որ դատախազը ծանրաբեռնված լինելու պատճառաբանությամբ նույն օրը հետաձգել է ևս մեկ դատական նիստ .«Ես ընդամենը խնդրում եմ բարեխիղճ վերաբերմունք, առանց այն էլ իմ պաշտպանյալն անհիմն գտնվում է կալանքի տակ»:

Դատավորը դիմելով կողմերին՝ նշեց, որ նիստը սկսեն առանց ավելորդ լարվածության, որից հետո միայն սկսեց գործի քննությունը:

Արտյոմ Սեդրակյանի պաշտպանը նախ նշեց, որ իրենք միջնորդությամբ են հանդես եկել այն բանի համար, որ քրեական հետապնդում իրականացվել է առանց քրեական գործ հարուցելու որոշման առկայության: Պաշտպանի խոսքով, սա դատավարական օրենքի էական խախտում է:

Արտյոմ Սեդրակյանի պաշտպան Ժաննա Կոտիկյանը հանդես եկավ նոր միջնորդությամբ՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակել իր պաշտպանյալի համար՝ հասկանալու համար, թե արդյոք նա իր առողջական վիճակով կարող է արգելանքի տակ մնալ և մեկուսացած վիճակով շարունակել իր բուժումը: Դատավորը նշեց, որ դրա համար անհրաժեշտ է Արտյոմ Սեդրակյանի առողջական վիճակի մասին ներկայացնել համապատասխան եզրակացություններ, և դրանով զբաղվում է միջգերատեսչական  հանձնաժողովը:

Այնուհետև դատախազը հանդես եկավ նախագահող դատավոր Վլադիմիր Գրիգորյանի ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությամբ: Էդգար Արամյանը, մատնանշելով նախորդ դատական նիստերից որոշ դրվագներ, նշեց, որ դատարանը նախապես տեղյակ է եղել պաշտպանող կողմի միջնորդությունների բովանդակությանն ու հերթականությանը: Դատախազը նաև  նշեց, որ դատավորը 1999-2004թ. եղել է Մալաթիա-Սեբաստիա համայնքներում դատախազ, իսկ ամբաստանյալի մայր՝ Իսկուհի Վարդանյանը եղել է դատավոր նույն դատարանում:

«Դրա համար էլ այդքան հարգեցիք, շնորհակալ եմ,- տեղից պատասխանեց ամբաստանյալ Արտյոմ Սեդրակյանի մայրը,- Այն, որ մայրը դատարանում է աշխատել, տեսնում եք, բայց այն, որ քրեական գործի հարուցում չկա, չեք տեսնում: Կհարգեիք մոր 30 տարվա աշխատանքը, այլ ոչ թե այս տեսարանը կսարքեիք: Հասկացանք էլի, հերիք է, կոկորդներիս է հասել: Իսկուհի Վարդանյանին հանրապետության բոլոր դատավորներն են ճանաչում. ում եք հիմարի տեղ դրել, եթե քրեական գործ չկա հարուցած, ով է հիմար, ասեք տեսնեմ»:

Այնուհետև միջնորդության դեմ հանդես եկան պաշպանող կողմերը, որից հետո դատարանը խորհրդակցության սենյակ գնակ գնաց և վերադառնալով հայտարարեց, որ դատախազի միջնորդությունը մերժվել է:

Գործով մյուս ամբաստանյալներին՝ Աիդա Սարգսյանին, Սոֆիա Ուզունյանին, Գոհար Զարգարյան, Վահագն Մելքոնյանին (ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու բաժանմունքի նախկին աշխատակիցներ) և Նավո Ասոյանին ներկայացվեց իրենց դեմ ներկայացված մեղադրական եզրակացությունը. ամբաստանյալները իրենց մեղավոր չեն համարում մեղսագրված արարքում:

Ապացույցների քննության հերթականության հարցը ևս  լարված մթնոլորտում որոշվեց, որի արդյունքում դատարանը վճռեց ապացույցների հետազոտությունը նախ սկսել հետազոտվող փաստաթղթերի ուսումնասիրությամբ՝ ածանցված դատավարական փաստաթղթերը, այնուհետև կլինի վկանների հարցաքննությունը, որից հետո միայն ամբաստանյալների հարցաքննությունը:

Նշենք, որ պաշտպանների ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստը հետաձգվեց. հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 14-ին,ժամը 12:00-ին:

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության, Արտյոմ Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքում որպես պետ,  ՀՀ-ից բացակայող Ա.Սլոյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու` անձամբ անձագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում, վերջինիս կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր հատկացնելու համար պահանջել է 5000 ԱՄՆ դոլոր: Ապա սակարկելուց հետո 2013թ. օգոստոսին ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.833.035 ՀՀ դրամի համարժեք` 4500 ԱՄՆ դոլոր կաշառքէ պահանջել: Այուհետև Ա.Սլոյանի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս անձամբ անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում նրա անունից կեղծ դիմում լրացնելու և անձնագրի կորստյան կեղծ գործ կազմելու համար պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային ծառայող Ս.Ունուսյանին անձամբ տվել է խոշոր չափերով` 203675 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրությոն և շահադիտական նպատակով անձամբ , ինչպես նաև իր ենթակայության տակ գտնվող պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային ծառայողների օժանդակությամբ կազմակերպել է պաշտոնեական կեղծիք:

Ա.Սլոյանի ՀՀ-ում գտնվելու , անձամբ անձնագրային բաժանմունք ներկայանալու և Էրեբունու զինկոմիսարիատում հաշվառվելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ է մտցրել պաշտոնեական փաստաթղթերում, կազմել կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա <<Բնակչության պետական ռեգիստրի մասին>> ՀՀ օրենքով ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 14-ի թիվ 1231-Ն որոշումով <<ՀՀ քաղաքացու անձնագրի մաին>> ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրության սահմանված կարգի խախտմամբ Ա.Սլոյանը հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում, նրա անվամբ ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր է կազմվել, տպագրվել ու հանձնվել:

Այս ամենին մասնակցել են ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի աշխատակիցներ՝ Աիդա Սարգսյանը, Սոֆիա Ունուսյանը, Գոհար Զարգարյանը, Վահագն Մելքոնյանը: Աշխատակիցների, ինչպես նաև Նավո Ասոյանի (անձնագրի դիմաց գումար տվողը) համար որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

Զառա Մանուչարյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել