Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի 30-ամյա բնակիչ Էրիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնանալու նպատակով փորձել է առևանգել իր 21-ամյա հարևանուհի Լիա Մնացականյանին:
Ինչպես տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից՝ գործը քննվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝
նախագահությամբ դատավոր` Գագիկ Սարգսյանի:
Մեղադրական եզրակացության համաձայն` ամբաստանյալ Էրիկ Կարապետյանը օգնության խնդրանքով դիմել է Քաջարան քաղաքի բնակիչներ՝Ա.Հ-ին. , Մ.Օ-ին և Ա.Ա-ին ` վերջիններիս ներկայացնելով, որ Լիա Մնացականյանի հետ փոխադարձ համաձայնությամբ ցանկանում են ծնողներից գաղտնի փախչել և ամուսնանալ:
2015թ. փետրվարի 8-ին ժամը 10-ի սահմաններում Էրիկ Կարապետյանը տղաների հետ, նախապես տեղյակ լինելով, որ Լիան պետք է առավորտյան գնա աշխատանքի, Ա.Ա-ի ավտոմեքենայով գնացելէ աղջկա տան մոտ, որտեղ, Արտաշատ տանելու պատրվակով, Լիային առաջարկել է նստել ավտոմեքենան: Լիան, վստահելով Էրիկ Կարապետյանին, նստել է նշված ավտոմեքենան, և միասին գնացել են Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց, որտեղ Ա.Ա-ն ավտոմեքենայի ուղղությունը փոխել է դեպի Երևան-Երասխ ավտոճանապարհը տանող Երևանյան փողոց:
Լիան, հասկանալով, որ իրեն առևանգում են, բացել է ավտոմեքենայի դուռը և ցանկացել դուրս նետվել, սակայն ամբաստանյալ Էրիկ Կարապետյանը բռնել է նրա թևերից ու այդ կերպ նրան պահել ավտոմեքենայի հետևի նստատեղին: Սակայն հանցագործությունն ավարտին չի չի հասել, քանի որ երբ տղաները հասկացել են , որ Էրիկը աղջկան ցանկանում է առևանգել, կանգնեցրել են մեքենան, իսկ Լիա Մնացականյանը իջնելով ավտոմեքենայից, մոտեցել է նույն փողոցում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության աշխատակցին և օգնություն է խնդրել, ինչի համար էլ նրանց բերման են ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին:
Հարուցվել է քրեական գործ, որի արդյուքում Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճռել է Էրիկ Կարապետյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով:
Նշենք, որ որոշումը բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ առաջին ատյանի որոշումը բեկանելու, փոփոխելու և Էրիկ Կարապետյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու բողոքով:
Գործի քննությունը շարունակվում է:
Զառա Մանուչարյան