39-ամյա Արմեն Վիրաբյանը մեղադրվում է վիճաբանության ժամանակ Հրանտ Համբարձումյանին դանակի 2 հարված հասցնելու, որը առաջացրել է վերջինիս մահը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Արմեն Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. փետրվարի 8-ին, ժամը 20.30-ից ժամը 21.00-ն ընկած ժամանակահատվածում, Նոր Նորքի 5 զանգվածի Գալշոյան փողոցի 6-րդ շենքի դիմաց, անձնական փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ, վիճաբանել է Հրանտ Համբարձումյանի հետ, որի ընթացքում, իր հետ նախապես վերցրած դանակով 2 հարվածներ է հասցրել Հ․ Համբարձումյանին՝ դիտավորությամբ պատճառելով նրան կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածներ` անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը:
Գործը քննվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Սամվել Ուզունյանի նախագահությամբ։ Ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Դատարանը Արմեն Վիրաբյանին ճանաչել է մեղավոր դատապարտելով 9 տարի ազատազրկման և նրանից գանձել 1.500.000 ՀՀ դրամ որպես հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերի հատուցում։
Արմեն Վիրաբյանի պաշտպանը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան: Բողոքը բավարարվել է մասնակի։ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը փոխվել է և վերաքննիչ դատարանը վճռել է Արմեն Վիրաբյանին դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով։
Անունները փոխված են։
Էլեն Բարսեղյան