ՀՀ առողջապահության նախարարության Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի երեկ երեկոյան կայացած հերթական նիստում Արմեն Մուրադյանը նշեց, որ վերջին օրերին արձանագրված մայրական 2 մահվան դեպքի մասնագիտական վերլուծություն կատարող հանձնաժողովներն արդեն աշխատում են։
«Ես հանդիպումներ եմ ունեցել ինչպես Մերի Մարգարյան հոր, այնպես էլ` «Շենգավիթի» բժշկական կենտրոնի մասնագետների հետ և հանձնաժողովից ակնկալում եմ անաչառ ու սկզբունքային աշխատանք»,-ասաց նախարարը` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կհամալվի նոր մասնագետներով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Արմեն Մուրադյանի կողմից խիստ պահանջ դրվեց ծննդօգնության բուժհաստատություններում անշեղորեն առաջնորդվել առկա գործելակարգերով և չափորոշիչներով։
ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ բոլոր ծննդատներում կան հղիության վարման, պաթոլոգիաների դեպքում նրանց հոսպիտալացման, ծննդօգնության առանձին նոզոլոգիաների վարման չափորոշիչները։ Փաստվեց, որ մանկաբարձագինեկոլոգիական ոլորտն առավել չափագրված ճյուղերից մեկն է, և գործելակարգերին և չափորոշիչներին խստորեն հետևելը միայն կարող է նպաստել բժշկական օգնության որակի ապահովմանը։
Արմեն Մուրադյանը կարևորեց նաև ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների ընդգրկվածությունը ինչպես գործելակարգերի և չափորոշիչների վերանայման ու մշակման, այնպես էլ` մասնագիտական կրեդիտավորման գործում։
Անդրադարձ կատարվեց նաև Մայրական ու պերինատալ մահացության և հիվանդացության նվազեցման նպատակով «մազից կախված կրիտիկական դեպքերի» քննարկումներին։ Նախարարը հանձնարարեց նման բոլոր դեպքերը քննարկել Մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդում։
Բոլոր ծննդատներից խստորեն պահանջվեց նման դեպքերի մասին տեղեկացնել նախարարությանը։
«Կրիտիկական դեպքերի քննարկումների նպատակը նման վիճակի մեջ հայտնվելու պատճառների վերհանումն է և հետագայում դրանցից հնարավորինս ապահովագրվելը»,-ասաց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ դա ևս մեկ քայլ է մայրական մահացության ցուցանիշները նվազագույնի հասցնելու գործում։