Քննություն է տարվում՝ պարզելու հարսանեկան խնջույքի մի քանի տասնյակ մասնակցի սննդային թունավորման պատճառները

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հարսանեկան խնջույքի մասնակիցների թունավորման դեպքի առթիվ։

2015թ. օգոստոսի 02-ին՝ ժամը 00:15-ին,  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ  «սննդային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել թվով 19 անձ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ անձինք հիվանդանոց են տեղափոխվել Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող ռեստորանահյուրանոցային համալիրից, որտեղ բոլորը մասնակցել են հարսանեկան խնջույքի: Նույն օրը համալիրից նույն աշխտորոշմամբ ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲ ընկերություն է դիմել ևս 11 անձ:

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են հանացագործության հատկանիշներ մատնանշող բավարար հիմքեր՝ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):

Ստեղծվել է քննչական խումբ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական միջոցառումները՝ սննդային թունավորման պատճառը, եղանակը պարզելու ուղղությամբ։

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել