Ամուսինը կնոջը փորձել է 5-րդ հարկից դուրս նետել. գործը դատարանում է

49-ամյա Արմենը (անունը փոխված է) մեղադրվում է կնոջ հանդեպ սպանության փորձ կատարելու համար: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, գործը քննվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:

Համաձայն մեղադրական եզրակացության՝  նա իր  կնոջը կասկածել է ամուսնական անհավատարմությամ մեջ և այս տարվա ապրիլի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում իրենց բնակարանում վերոհիշյալ թեմայի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նրան կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, 5-րդ հարկից ցած նետելու նպատակով, անակնկալ հարձակվել է նրա վրա, բռնել ոտքերից, բարձրացրել վեր և սպանության դիտավորությամբ հրել է խոհանոցի բաց պատուհանից դուրս, սակայն իր կամքից անկախ՝ այն է կնոջ ակտիվ դիմադրության արդյունքում, հանցագործությունը ավարտին չի հասցրել և վերջինիս հաջողվել է ննջասենյակի բաց պատշգամբի արգելապատնեշի վրայով անցնել հարևանուհու բնակարան:

Համաձայն գործի նյութերի՝ ամուսինը շուրջ տասը տարի հաշվառված է եղել Ավանի հոգեբուժական կլինիկայում՝ «շիզոֆրենիա՝պարանոիդ ձև, աճող եֆեկտով» ախտորոշմամբ: Այս պահին ամբաստնյալը գտնվում է «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել