Դատարանները նախորդ երկու տարիներին բավարարել են անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությունների մոտ 95 տոկոսը: Սա բավականին մեծ և մտահոգիչ ցուցանիշ է, հատկապես եթե այդ միջնորդությունների մի զգալի մասն անհիմն են:
«Դա գալիս է նրանից, որ, որպես կանոն վարույթն իրականացնող նախաքննական մարմինը, ով հնարավորություն ունի ի սկզբանե կալանքի միջնոդրություն չներկայացնելու` հիմնականում միջին ծանրության հանցագործությունների դեպքում իրենք միանգամից որոշում են միջնորդություն ներկայացնել դատարանին, պատճառաբանում են, որ դատարանը թող որոշի, բայց քանի որ մեր դատարանը գիտենք անկախ չէ, բացառությամբ մի քանի դատավորների, հիմնականում այդ միջնորդությունները բավարարվում են»,- մեզ հետ զրույցում նշում է փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը նույնպես փաստում է, որ ներկայումս ավելի հաճախ կիրառվում են երկու տիպի խափանման միջոցներ` կալանավորումը և ստորագրությունը` չհեռանալու մասին, թեև Քրեական դատավարության օրենսգիրքը խափանման այլ միջոցներ նույնպես նախատեսում է: Պատճառը, թերևս, մյուս խափանման միջոցների ցածր արդյունավետությունն է: Կա նաև մեկ այլ պատճառ. «Ներկայիս օրենսդրական կարգավորմամբ` խափանման բոլոր միջոցների ընտրության համար հիմքերն ընդհանուր են: Այսինքն` առանձին հիմքեր չկան կալանավորման համար, ստորագրության համար ու նաև անձնական երաշխավորության համար: …Եթե հիմքերը բոլորը նույնն են, թե կալանավորման, թե ստորագորություն` չհեռանալու մասին, կիրառելու համար պետք է լինեն նույն հիմքերը»:
Իսկ փաստաբան Ինեսսա Պետրոսյանն էլ նշում է, որ հաճախ այդ միջնորդությունները, որոնք հետագայում բավարարվում են դատարանների կողմից, անհիմն են լինում: Վերջերս Իրավաբան.net-ը անդրադարձել էր մի գործի, որի դեպքում խուլիգանության մեջ մեղադրվող անձի հանդեպ կիրառված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը առաջին ատյանի դատարանը չորս անգամ բավարարել էր, սակայն վերաքննիչ ատյանը երեք անգամ բեկանել էր որոշումը, և անձը նորից կալանքի տակ էր վերցվել: Մեր հրապարակումներից հետո միայն չորրորդ անգամ վերադաս ատյանը չբեկանեց կալանքը գրավով փոխարինելու որոշումը:
«Մեզ մոտ մեկ այլ մոտեցում կա, ուղղկաի եթե մեղասգրված է ծանր արարք, ապա պետք է կալանքի վերցնել. Բայց այդպես չէ, կան չափորոշիչներ, կա օրենսդրություն, որին պետք է համապատասխանեն: Կոնկրետ այս դեպքում ակնհայտ մարդն իր վարքագծով ցույց է տվել, որ երբևէ չի ուշացել դատական նիստերից, չի խոչընդոտել, չի խուսափել, այլ հակառակը` միշտ էլ ցանկացել է, որ արագ ընթնան դատական նիստերը և գործն իր արդարացի լուծումը ստանաԲայց պետք է ցույց տրվի, որ հակառկը եկել է, միշտ ցանկացել է, որ գործըն ըստ էության ստանա իր լուծումը»,- նշում է փաստաբանը:
Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը նույնպես նշում է, որ հիմնական դժգոհությունը կապված է հենց միջնորդությունները բավարարելու վերաբերյալ անհիմն որոշումներին. «Դատարանների կողմից կալանվորման միջնորդությունը բավարարելիս թվարկվում են ուղղակի օրենքում նշված հիմքերը, երբ քննիչը կալանավորելու միջնորդություն է ներկայացնում, բայց դա հիմնավորող փաստական տվյալներ, ապացույցներ չեն ներկայացվում: Այսինքն, հիմքը ուղղակի նշվում է, որ կխոչընդոտի քննության ընթացքին, հիմնավորող փաստեր չեն նշվում: Օրինակ վկայի դեպքում պետք է լինի հեռախոսային գաղտնալսում, որը կապացուցի, որ մեղադրյալը սպառնացել է, կամ բազմիցս փորձել է զանգահարել, սա արդեն իրական հիմք է»:
Մասնագետների խոսքով, խնդրին որոշակիորեն լուծում է տրվում Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում, որտեղ ընդլայնված է խափանման միջոցների ցանկը, ինչպեսև նոր կարգավորումներ կան դրանք ընտրելու վերաբերյալ:
Աստղիկ Կարապետյան