Որևէ օրինական գործողության կատարման համար հրապարակայնորեն տրված խոստումն առաջացնում է իրավական հետևանքներ խոստումը տված անձի համար:
«ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1041-րդ հոդվածը սահմանում է, որ այն անձը, ով հրապարակայնորեն խոստացել է որոշակի օրինաչափ գործողություն կատարելու համար վարձատրելու կամ պարգև տալու մասին, այն է` կորած գույք գտնելու կամ դրա վերաբերյալ տեղեկություններ հայտնելու մասին, պարտավոր է խոստացած պարգևը վճարել հայտարարության մեջ նշված ժամկետում այդ գործողությունը կատարած անձին»- նշում է ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Փաստաբանի խոսքով` պարգև վճարելու պարտականությունը ծագում է, եթե պարգև վճարելու խոստումը հնարավորություն է ընձեռում պարզելու, թե ով է այն խոստացել:
Եթե պարգևի հրապարակային խոստման մեջ դրա չափը նշված չէ, այն որոշվում է պարգև խոստացած անձի հետ համաձայնությամբ, իսկ վեճի դեպքում` դատարանով: Պարգևը վճարելու պարտականությունը ծագում է անկախ այն բանից, համապատասխան գործողությունը կատարվել է արված հայտարարության առնչությամբ, թե անկախ դրանից:
Այն դեպքերում, երբ հայտարարությունում նշված գործողությունը կատարել է մի քանի անձ, նրանցից պարգև ստանալու իրավունք ձեռք է բերում նա, ով առաջինն է կատարել համապատասխան գործողությունը:
Եթե հայտարարությունում նշված գործողությունը կատարել է երկու և ավելի անձ, և անհնար է որոշել, թե նրանցից ով է դա առաջինը կատարել, ինչպես նաև այն դեպքում, երբ երկու և ավելի անձինք գործողությունը կատարել են միաժամանակ, պարգևը նրանց միջև բաշխվում է հավասար կամ նրանց միջև համաձայնությամբ նախատեսված այլ չափով, իսկ վեճի դեպքում` դատարանով:
Աղբյուրը` Իրավաբան.net