ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ վարչությունում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության Երեւան քաղաքի թիվ 0004 փոստային բաժանմունքի` թվով 3 աշխատակիցների կողմից առեւտրային կաշառք ստանալու եւ իրենց լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ` քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Երեւան քաղաքի թիվ 0004 փոստային բաժանմունքի օպերատորներ Ա. Մկրտչյանը, Կ. Միրիջանյանը եւ Ա. Իսրայելյանը 2010թ. սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում օժանդակել են նույն փոստային բաժանմունքի պետ, կարգադրիչ եւ կառավարչական լիազորություններ իրականացնող առեւտրային կազմակերպության ծառայող Ս. Գրիգորյանին` լիազորությունները չարաշահելուն եւ առեւտրային կաշառք ստանալուն:
Մասնավորապես` Ա. Մկրտչյանը, Կ. Միրիջանյանը, Ա. Իսրայելյանը եւ Ս. Գրիգորյանը, օժտված լինելով ՀՀ տարածքում ապրանքներ եւ ծառայություններ ձեռք բերող անձանց տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակները ներկայացնող անձանցից անձը հաստատող փաստաթղթով դրանք ընդունելու եւ դրանց համար հաշվարկված բոնուսային գումարներ տրամադրելու լիազորություններով, հիշյալ բաժանմունքի պետի գիտությամբ եւ հանձնարարությամբ ընդունել են քաղաքացի Ի. Գեւորգյանի կողմից հանձնված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների խմբաքանակներում կեղծ, իրականում կազմակերպությունների անվամբ չելքագրված եւ այդ կազմակերպությունների ֆիսկալային հաշվետվություններին չհամապատասխանող կտրոններ պարունակող խմբաքանակներ:
Հիշյալ աշխատակիցները նշված խմբաքանակներն ընդունել են տարբեր քաղաքացիների անձնագրերի պատճեներով, դրանք ձեւակերպել առանց այդ քաղաքացիների ներկայության եւ վճարել բոնուսային գումարներ` այդկերպ օժանդակելով բաժանմունքի պետ Ս. Գրիգորյանին` չարաշահելու իր լիազորությունները եւ դրանք օգտագործելու Ի. Գեւորգյանի օգտին:
Արդյունքում` Ա. Մկրտչյանի կողմից ելքագրվել է 8 203 600 դրամի, Կ. Միրիջանյանի կողմից` 9 306 200 դրամի, իսկ Ա. Իսրայելյանի կողմից` 8 572 900 դրամի բոնուսային գումար, որի հետեւանքով պետությանը պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող գույքային վնաս:
Ի. Գեւորգյանին այդկերպ օժանադակելու դիմաց վերոհիշյալ փոստային բաժանմունքի օպերատորներ Ա. Մկրտչյանը, Կ. Միրիջանյանը, Ա. Իսրայելյանը եւ բաժանմունքի պետ Ս. Գրիգորյանը Ի. Գեւորգյանից ստացել են ընդհանուր 1 000 000 դրամ առեւտրային կաշառք, որը հավասարապես բաժանել են:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Մկրտչյանին, Կ. Միրիջանյանին եւ Ա. Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-200-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց մասով դրվագն առանձնացվել է առանձին վարույթ եւ ուղարկվել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Փոստային բաժանմունքի պետ Ս. Գրիգորյանի մասով քրեական գործը կարճվել է` վերջինիս մահվան հիմքով:
Իսկ Ի. Գեւորգյանի վերաբերյալ դրվագը դատարան էր ուղարկվել ավելի վաղ եւ գտնվում է դատաքննության փուլում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: