Ի՞նչ «արժի» մեր ազատության մեկ օրը

Անձի ազատության իրավունքը դասվում է անձին ի ծնե պատկանող այն բնական իրավունքների շարքին, որն կազմում է նրա իրավական կարգավիճակի անքակտելի մասը։ Անձը որպես անհատ, որպես քաղաքացի, որպես քաղաքացիական հասարակության լիիրավ անդամ օժտված է բնատուր ազատությամբ, որը նաև ստացել է իր իրավական ամրագրումը։

Անձի ազատության իրավունքը իր ամրագրումը Հայաստանի Հանրապետությունում ստացել է ամենաբարձր մակարդակով` իրավական բուրգի գագաթին գտնվող Սահմանադրության մակարդակով։ Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 16–րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ազատության իրավունք, որն ենթակա է սահմանափակման օրենքով նախատեսված դեպքերում։

Անձի ազատության իրավունքը ամրագրված է նաև այնպիսի միջազգային իրավական փաստաթղթերում, ինչպիսիք են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (1948թ դեկտեմբերի 10), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (1966թ դեկտեմբերի 16), Մարդու և քաղաքացու իրավունքների մասին ֆրանսիական հռչակագիրը (1789թ օգոստոսի 12), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիան (1950թ նոյեմբերի 4)։

Եվրոպական դատարանը` մեկնաբանելով կոնվենցիայի 5–րդ հոդվածում ամրագրված անձի ազատության իրավունքը, իր մի շարք որոշումներում նշել է, որ անձի ազատությունը առաջնահերթ նշանակություն ունի «ժողովրդավարական հասարակությունում»։

Եթե խոսենք քրեաիրավական իրավահարաբերություններում առանցքային արժեք համարվող անձի ազատության իրավունքի մասին, ապա այն որպես կանոն յուրաքանչյուր պետությունում իր արտացոլումն է ստացել քրեական դատավարության օրենսգրքում սկզբունքի մակարդակով։ Այդ թվում Հայաստանի Հանրապետության գործող քրեական դատավարության օրենսգրքում` 11–րդ հոդվածում։

Ժամանակակից յուրաքանչյուր քաղաքակիրթ պետության մշակված և ընդունված նորմատիվ իրավական ակտերում ամրագրված անձի ազատության սահմանափակման մեխանիզմները անձի ազատության սահմանափակումը դիտարկում են որպես ծայրահեղ անհրաժեշտ միջոց` ամենակարճ ժամանակահատվածի համար։

Այնուամենայնիվ, գործող քրեական դատավարության օրենսգրքով տրված իրավակարգավորումներով նախադեպերը բազմաթիվ են, երբ սահմանափակվել է անձի ազատության իրավունքը անհիմն, կամ հիմնավորված` սակայն սահմանված նվազագույն ժամկետից ավելի։ Նվազագույն ժամկետը անձի ազատության սահմանափակման` ձերբակալման ձևով, կազմում է 72 ժամ բազմաթիվ պետություններում` այդ թվում ՀՀ–ում, սակայն քիչ չեն նաև այնպիսի պետություններ, որտեղ այդ ժամանակահատվածը ավելի քիչ է, օրինակ Ռուսաստանի Դաշնությունում այն կազմում է 48 ժամ (մինչև 72 ժամ ձերբակալման ժամկետը երկարաձգելու իրավունքը տրված է դատարանին` անձի կալանավորման հարցը լուծելու նպատակով)։

Չփորձելով սույն հոդվածում մուտք գործել առկա իրավակարգավորումների թերությունների միջև ընկած հորձանուտը, պարզաբանենք սույն հոդվածի անկյունաքարը հանդիսացող այն հանգամանքը թե ինչ արժի անձի ազատության մեկ օրը միջազգային չափանիշների շրջանակներում։

Նախ պարզաբանենք վնասի տեսակի հարցը. երբ անձը զրկվում է ազատությունից նրան պատճառվում է վնաս, որը կարող է արտահայտվել ինչպես նյութական, այպես ոչ նյութական (բարոյական) վնասի ձևով։ Խոսենք ոչ նյութական վնասի մասին, քանզի աքսիմատիկ բնույթ է կրում այն հանգամանքը, որ յուրաքանչյուր դեպքում, երբ անձը ազատությունից զրկվում է ֆիզիկական և հոգեկան տառապանքների առաջացումը անհերքելի է։ Մինչդեռ նյութական վնասը միշտ չէ, որ կարող է առաջանալ։

Ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը բացակայել է ՀՀ–ում անկախությունից ի վեր մշակված հայրենական օրենսդրությունում։ Միևնույն ժամանակ նրա ներդրման անհրաժեշտության մասին խոսել են ինչպես միջազգային կազմակերպությունները իրենց ամենամյա զեկույցներում, այնպես էլ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը։ Արդյունքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում 2014 թվականի ապրիլի 19–ի Ազգային ժողովի կողմից ընդունած օրինագծի համաձայն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նախատեսվեց պատճառված բարոյական վնասի հատուցման իրավունքը։ Մասնավորապես այսուհետ` քաղ.օր 17–րդ հոդվածի համաձայն անձն ունի ոչ նյութական (այն է` բարոյական) վնասի հատուցման իրավունք։

Ոչ նյութական վնասն էլ Քաղ. օր. 162.1 հոդվածում ամրագրվեց հետևյալ կերպ. ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

Արդյունքում Քաղ. օր. 1087.2 հոդվածում նախատեսվեց, որ Եվրոպական կոնվենցիայի 5–րդ հոդվածում ամրագրված անձի ազատության իրավունքի խախտումը հաստատվելու դեպքում` վերջինս իրավունք ունի ստանալու բարոյական վնասի հատուցում մինչև 500.000 դրամ։

Մինչդեռ, արդյոք այդպիսի չափի սահմանումը արդարացված է, չէ որ պետք է տարբերություն դնել այն իրավական փաստի միջև, թե որ ժամանակահատվածի դեպքում որքան է կազմում հատուցման ենթակա ոչ նյութական վնասը, և վերջիվերջո պարզել, թե որքան է կազմում անձի ազատության սահմանափակման մեկ օրվա արժեքը։

Դիտարկելով նախատեսված իրավակարգավորումները` Եվրոպական դատարանի որոշումների լույսի ներքո, ակնհայտ է դառնում, որ 500.000 դրամ հատուցմամբ սահմանված առավելագույն գումարի չափը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։

Հենց Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կայացրել է մի որոշում` Մալխասյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 6729/07 վճիռ 26 հունիսի 2012թ), որտեղ պարզորեն երևում են այդ չափանիշները։

Այդ գործով Եվրոպական դատարանը ճանաչեց Կոնվենցիայի 5–րդ հոդվածի խախտում այն հանգամանքը, երբ Մալխասյանին 12 օր` 2007 թվականի հունիսի 10–ից մինչև 22–ը, անհիմն ավել էին պահել կալանքի տակ` սահմանափակելով վերջինիս ազատության իրավունքը։ Դատարանը այդ 12 օրվա համար սահմանեց ոչ նյութական վնասի փոխհատուցում 4500 եվրո գումարի չափով, որը Հայաստանի Հանրապետությունը պարտավորվեց վճարել և վճարեց Մալխասյանին։

Եթե, 4500 եվրոն բաժանենք 12 օրվան, ապա կստանանք, որ յուրաքանչյուր օրվա համար դատարանը սահմանեց 375 եվրո գումարի չափով փոխհատուցում։ Հիշեցնեք, որ այդ որոշումը կայացվել է 2012 թվականին (հաշվի առնել 2012 թվականից հետո տեղի ունեցած կուրսի տատանումները)։ Ներկայումս, 375 եվրոն համարժեք է մոտ 200 հազար ՀՀ դրամին։

Մինչդեռ, ՀՀ–ում նախատեսվել է ոչ նյութական վնասի առավելագույն փոխհատուցման գումարի չափ մինչև 500.000 դրամի չափով` անկախ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածից։ Միևնույն ժամանակ, այդպիսի դրույթից նախատեսվել է բացառություն, որ «ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ»:

Չհամաձայնելով, այսպիսի որպես «բացառություն» նախատեսված դրույթի հետ, գտնում ենք, որ նախ` այն ամբողջությամբ թողնված է դատարանի հայեցողությանը կիրառել թե ոչ (բացակայում են նախատեսված առավելագույն սահմանից ավելի հատուցում տրամադրելու հստակ կրիտերիաները), երկրորդ` կրկնելով սույն աշխատանքում արտահայտած միտքը գտնում ենք, որ աքսիոմատիկ (ապացուցման ոչ ենթակա) բնույթ ունի այն հանգամանքը, որ անձի ազատության սահմանափակման յուրաքանչյուր դեպքում անձին պատճառվում են ֆիզիկական և հոգեկան տառապանքներ և անհայտ է մնում այն հարցը, թե ինչ բնույթի ծանր հետևանքներ է նկատի ունեցել օրենսդիրը` սահմանելով այն որպես բացառության կիրառման պայման։

ՀԵԻԱ իրավախորհրդատու Առնոլդ Վարդանյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել