Գրավը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ կամ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով (ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք 143-րդ հոդված, մաս 1-ին): Դատարանի թույլտվությամբ, որպես գրավ, կարող է ընդունվել անշարժ գույքը:
Կալանավորման մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ դատարանը լուծում է մեղադրյալին գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցը և, ճանաչելով նման ազատման հնարավորությունը, նշանակում է գրավի գումարը: Հետագայում դատարանը կարող է պաշտպանության կողմի միջնորդությամբ վերանայել գրավի անթույլատրելիության կամ գրավի գումարի մասին որոշումը:
Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից:
Կալանավորումը` որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:
Դատարանի նշանակած գրավի չափը չի կարող պակաս լինել`
1) նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափից` ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ մեղադրվելիս.
2) նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափից` միջին ծանրության հանցանք կատարելու մեջ մեղադրվելիս:
Գրավը վերադարձվում է գրավատուին բոլոր դեպքերում, եթե մեղադրյալը չի թաքնվել քրեական վարույթ իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության չի մեկնել այլ տեղանք կամ գրավը` որպես խափանման միջոց վերացվում կամ փոխվում է: Նշված պահանջները խախտելու դեպքում դատախազը դիմում է դատարան` գրավը որպես պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ: