Վերջին շրջանում ձևավորվել են քաղաքացիական շարժումներ մի շարք թեմաների շուրջ: Քաղաքացիական շարժումները տարածում և ճանաչում են գտնում լրատվամիջոցների, հատկապես հեռուստաընկերությունների լուսաբանումների արդյունքում, սակայն ի՞նչ իրավիճակում կհայտնվի քաղաքացիական շարժումը, եթե ուղղված է լինի հենց լրատվամիջոցների, մասնավորապես ԶԼՄ-ներից ամենամեծ ազդեցություն ունեցող՝ հեռուստաընկերությունների քաղաքականության դեմ: Նման անշնորհակալ իրավիճակում է հայտնվել «Մաքուր եթերի պահանջ» նախաձեռնությունը: Անշնորհակալ, որովհետև հանրային լայն շերտերի կողմից հայկական հեռուստաեթերի բովանդակային փոփոխությունների պահանջ վաղուց կար, սակայն երբ նախաձեռնող խումբ հայտնվեց, որը սկսեց այդ գործով հետևողկանորեն զբաղվել՝ հասկանալի պատճառներով հայտնվեց որոշ հեռուստաընկերությունների կոշտ քննադատության ալիքի տակ: Քննադատությունն իրականացվում էր ինչպես ուղղակի հեռուստաընկերություններում աշխատող անձնակազմի, այնպես էլ հեռուստաընկերությունների տեսակետին համարժեք կարծիք ունեցող փոքրամասնության խոսքը լուսաբանելու միջոցով:
Ստորև ներկայացնում ենք ներկա հայկական հեռուստաընկերությունների սոցիալ-մշակութային քաղաքականությունն արդարացնող կողմի հնչեցված քարոզչական թեզերն ու դրանց պատասխանները:
1-ին քարոզչական թեզ՝ հեռուստաընկերությունները ցուցադրում են իրականությունը, մարդիկ պետք է իմանան, թե ինչ է կատարվում իրականում:
Հիշեցնենք, որ այս թեզն օգտագործվում է հայկական հեռուստասերիալների հակասոցիալական, քրեական քարոզչությունն արդարացնելու օգտին: Եթե խոսքը վերաբերեր հեռուստաընկերությունների լրատվական, վերլուծական, և ոչ թե սոցիալ-մշակութային գործառույթներին՝ կարելի էր ընդունել, որ հեռուստաընկերությունները պետք է ձգտեն իրականությունը ներկայացնել, սակայն սա այդ դեպքը չէ: Եթե նույնիսկ հեռուստասերիալներում ներկայացվող «իրականությամբ» ապրում է մեր հասարակության մեկ կամ տասը տոկոսը, ապա այդ իրականությունը հեռուստասերիալներով ներկայացնելու արդյունքում այդ տաս տոկոսը վերածվում է տասնհինգի, քսանի, երեսունի: Այստեղ հարց է առաջանում, թե չկա՞ արդյոք այլ իրականություն, որն օրինակելի կլինի, որի ներկայացումը եթերով պետության, հասարակության համար վտանգներ չի պարունակում, ինչպիսիք որ կան քրեական, ագրեսիվ, «գողական» ենթամշակույթը ներկայացնող հեռուստասերիալներում:
2-րդ քարոզչական թեզ՝ հեռուստասերիալներն աշխատանքով են ապահովում հարյուրավոր մարդկանց, ուզում եք, որ նրանք գործազու՞րկ դառնան:
Հեռուստաընկերությունների բովանդակային հակասոցիալական, հակամշակութային քաղաքականությունը մի քանի հարյուր աշխատատեղերով արդարացնելը նույնն է, եթե ասենք, որ թմրանյութերի բիզնեսով զբաղվող մարդիկ հաց են վաստակում, չի կարելի նրանց զրկել մի կտոր հացից: Համեմատությունը քրեական հանցագործության հետ պատահական չէ, որովհետև շատ զարգացած երկրներում հայկական հեռուստաընկերությունների նման բովանդակային քաղաքականությունը քրեորեն պատժելի է: Բացի այդ «մաքուր եթերի» պահանջ ներկայացնողները ոչ թե եթերից հեռուստասերիալների դադարեցում են պահանջում, այլ միայն դրանց բովանդակային դրական փոփոխություններ:
3-րդ քարոզչական թեզ՝ հեռուստասերիալների արդյունքում մարդիկ ավելի հաճախ են սկսել թատրոն գնալ:
Այս թեզը շատ նման է նախորդին՝ երկու դեպքում էլ մի ոլորտի բացասական հետևանքներն արդարացվում են այլ ոլորտներում ունեցած դրական նշանակությամբ: Այս թեզում խախտվում է պատճառահետևանքային կապը՝ եթե թատրոնի դերասանների հեռուստասերիալներում խաղալու արդյունքում մի քանի տոկոսով ավելանում է թատրոն հաճախորդների թիվը, դա դեռ չի նշանակում, որ հեռուստասերիալները պետք է իրենց իրավունք վերապահեն հակասոցիալական, քրեական արտադրանք հրամցնել ողջ հանրությանը՝ իր բոլոր հետևանքներով:
4-րդ քարոզչական թեզ՝ հանցագործություններն ու բռնությունը միշտ էլ ուղեկցել են մարդկանց, հեռուստաընկերություններն այս հարցում որևէ նշանակություն չունեն:
Բնականաբար, շատ են հանցագործները, որոնց օրինազանցության պատճառը հեռուստատեսությունը չէ, որովհետև հանցագործություններ կատարվել են մարդկության պատմության հնագույն ժամանակներից, և դրանց առաջացման պատճառները բազմաթիվ են, սակայն հեռուստաընկերությունները ցուցադրում են քրեական վարքի մոդելներ, որոնք, կրկնօրինակման առարկա դառնալով, ավելացնում են եղած բռնությունների ու հանցագործությունների թիվը, տոկոսը:
5-րդ քարոզչական թեզ՝ հեռուստաընկերությունների բովանդակային քաղաքականությանը խառնվելը գրաքննություն է:
Այս քարոզչական թեզի կողմնակիցները կամ գործի բերումով կամ էլ այլ պատճառներով հավատում են այն միֆին, որ լրատվամիջոցները կարող են և պետք է օբյեկտիվ լինեն: Սակայն ժամանակակից սոցիոլոգիան այլևս մերժում է օբյեկտիվության հնարավորության գաղափարն ու դրա փոխարեն առաջ է քաշել ինտերսուբյեկտիվիզմ հասկացությունը: Շատ չմանրամասնելով օբյեկտիվիզմի մասին միֆը՝ նշենք, որ հեռուստաընկերությունների սոցիալ-մշակութային քաղաքականությունը վերահսկող կառույցներ կան բոլոր զարգացած երկրներում, որովհետև լրատվամիջոցները ոչ ֆորմալ կրթական ինստիտուտներ են և դրանց գործունեությունից է կախված՝ կձևավորվի առողջ հասարակություն, թե՝ ոչ: Այդ նպատակների համար Ֆրանսիայում գործում է «Բարձրագույն աուդիովիզուլ խորհորդը» (CSA), Մեծ Բրիտանիայում՝ «Կապի կառավարման» մարմինը (Ofcom) և այլն: Ընդհանրապես, կոմերցիայի չարաշահումը թույլ չտալու համար աշխարհի բազմաթիվ պետություններ մասնակցում են հեռուստատեսության եթերային քաղաքականության մշակման գործին:
6-րդ քարոզչական թեզ՝ հանրապետության նախագահն իրավունք չունի խառնվել հեռուստաընկերությունների քաղաքականությանը, սխալ է նախագահին նամակ ուղղել հեռուստաընկերությունների հակասոցիալական քաղաքականության փոփոխման առաջարկով:
Վերոնշյալ թեզն ավելի մասնավոր է, և վերաբերում է վերջերս մի շարք մտավորականների, մշակույթի գործիչների ու հասարակական կազմակերպությունների կողմից նախագահին ուղղված նամակին, որով պահանջ էր դրվում վերջ տալ հեռուստաընկերությունների հակասոցիալական քաղաքականությանը:
Սակայն հատկապես ՀՀ նախագահին նամակն ուղարկելն ուներ հիմնավոր պատճառներ.
Ա) Հայկական հեռուստաեթերը հնարավոր է կարգավորել միայն ինստիտուցիոնալ ենթահամակարգերի ձևավորման միջոցով, որոնք մեզանում բացակայում են, և որոնց ստեղծումը հնարավոր է միայն ամենաբարձր միջնորդությամբ:
Բ) Ոլորտում առկա են բազմաթիվ օրենսդրական բացթողումներ, որոնցով զբաղվելու ցանկություն չուներ ոչ մի խորհրդարանական խմբակցություն: Արդյունքում ամենամեծ խորհրդարանական մանդատ ունեցող կուսակցության ղեկավարին հասարակական պահանջարկ ներկայացնելուց բացի այլ ելք չէր մնում:
Գ) Ոլորտի կարգավորմամբ զբաղվով «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը» օրենքների բացակայության պատճառով որևէ դերակատարություն ու գործառույթ չունի, ինչի արդյունքում նրանց դիմելն անիմաստ էր:
7-րդ քարոզչական թեզ՝ պետությունը կարող է միջնորդել միայն հանրային հեռուստաընկերությունների քաղաքականության հարցում, և իրավունք չունի խառնվել մասնավոր հեռուստաընկերությունների քաղաքականությանը:
Հանրային հեռուստաընկերության դեպքում պետական միջամությունը պարտավոր է, որովհետև հանրային հեռուստաընկերությունները պարտավոր են բավարարել հանրային պահանջները, սակայն դա չի նշանակում, որ մասնավոր հեռուստաընկերություններն իրավունք ունեն սոցիալ-մշակութային տեսանկյունից ամենթողության քաղաքականություն վարել: Քանի որ պետության քաղաքացին ձևավորվում, դաստիարակվում է այդ թվում նաև մասնավոր հեռուստաընկերությունների միջոցով՝ անհրաժեշտ են ընդհանուր օրենքներ, որոնք թույլ չեն տա քրեական, հակասոցիալական վարքի մոդելներ քարոզել մասնավոր ալիքների եթերում (խոսքը չի գնում մասնավոր հեռուստաընկերությունների լրատվական, վերլուծական գործառույթների վերահսկմանը):
Վահրամ Միրաքյան