Դատարանի կողմից բավարաված հայցի ապահովման միջոնդրությունները ոչ միայն սահմանափակում են անձի սեփականության իրավունքը, այլև հետագայում դրա հետևանքով վնաս կրած անձը դժվարություններ է ունենում փոխահատուցում ստանալու հարցում. «Հայցի ապահովման ինստիտուտը խայտառակ սխալ կերպով է կիրառվում»,-խնդրի մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում բարձրաձայնում է փաստաբան Գևորգ Գյոզալյանը:
Նրա խոսքով, Հայաստանը իրավական պետություն է և անձի սեփականության իրավունքը ամրագրվում է Սահմանադրությամբ, ինչպեսև ճյուղային իրավունքի մի շարք հոդվածներով: Փաստաբանն օրինակ է բերում մի իրավիճակ, երբ կողմն անհիմն հայց է ներկայացնում`միջնորդելով հայցի ապահովման միջոց կիրառել և արգելանքի տակ դնել պատասխանողի գույքի վրա` չնշելով որևէ փաստ:
«Իրավունքը չի կարելի մեկնաբանել «in abstracto», այսինքն` ես կարծում եմ, որ կարծում եմ: Իրավունքը պետք է համեմվի փաստով: Պետք է միջնորդությունն արվի` հիմքում ունենալով փաստ, որ, օրինակ, հայցվորը ցանկանում է վաճառել իր այդ գույքը և ներկայացվում է առուվաճառքի նախնական պայմանագիրը»,- ասաց Գ. Գյոզալյանը:
Փաստաբանի խոսքով, պրակտիկայում դատարանների կողմից գրեթե չի բավարարվում նաև հայցի հակընդդեմ ապահովման միջնորդությունները: Երբ պատասխանողը պահանջում է, որ կիրառված հայցի ապահովման չափով արգելանք դրվի նաև հայցվորի գույքի վրա կամ վերջինս համապատասխան չափով գումար փոխանցի դատարանի դեպոզիտային հաշվին:
Գևորգ Գյոզալյանը բացատրում է օրինակով. ենթադրենք պատասխանողի ավտոմեքենան 3 միլիոն դրամ արժե, և այդ մեքենայի վրա արգելանք է դրվում` որպես հայցի ապահովման միջոց: Եվ այդ ընթացքում հայցվորը ցանկանում է վաճառել այն` այլ կարևոր գործարք անելու համար, դատավարությունը տևում է մոտ մեկ տարի, և այդ ընթացքում մեքենան ավելի հին է համարվում, կորցնում է հարմար գնորդին, և ի վերջո պլանավորած գործարքը չի կատարվում: Եվ հետո հայցը մերժվում է: Եթե հայցի հակըննդեմ ապահովման միջնորդությունը բավարարված լինի և հայցվորն էլ համապատասխան չափով գումար փոխանցած լինի դատարանի դեպոզիտային հաշվին, ապա պատասխանողը հեշտությամբ կարող է փոխահատուցում ստանալ իր վնասների համար:
«Ի՞նչ ունենք պրակատիկայում: Դատարանն, իհարկե, չի բավարարում ներկայացված հայցի հակընդդեմ ապահովման միջնորդությունը, որովհետև իրենց մոտ արդեն պրակտիկա է դարձել դա: Որպես կանոն, հայցի ապահովման միջոցը կա, հակընդդեմ ապահովումը չկա: Եվ ես այդ հիմքով ինքնաբացարկ եմ ներկայացնում դատարավորին` ասելով, որ կողմնակալ վերաբերմունք ունի կողմերի հանդեպ»,- փաստաբանը նշեց նաև, որ օրենսդիրի կողմից հայցի հակընդդեմ ապահովման ինստիտուտը ներդրվել է կողմերի հավասարության սկզբունքից ելնելով, և եթե եռօրյա ժամկետում հակընդդեմ ապահովումը չի տրամադրվում, ապա հայցի ապահովման միջոցը ենթակա է վերացման:
Աստղիկ Կարապետյան