Գեղարքունիքի ՇՊԱԿ-ը դիմում էր ստացել քաղաքացուց այն մասին, որ մեկ ամիս առաջ ինքը ամուսնու հետ հատել է Վրաստանի սահմանը` ցանկանալով մեկնել ՌԴ: Սակայն Վրաստանի սահմանապահ մարմինների կողմից արձանագրվել է այն փաստը, որ դիմումատուի ամուսինը 2009թ. մուտք և ելք է արել Աբխազիա և նրան անմիջապես ձերբակալում են: Դիմումատուի տեղեկացմամբ` իր ամուսնուն առաջադրվել էր մեղադրանք` Վրաստանի Քր. օր. 322 հոդվածով` ապօրինի սահմանանցում:
Շուրջ 2 ամիս դիմողի ամուսինը Վրաստանի Հանրապետությունում անազատության մեջ է եղել, ունեցել է երկու փաստաբան, որոնք հանդիսացել են Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ: Վերջիններս քաղաքացու հարազատներից պահանջել են վճարման ենթակա տուգանքի տարբեր չափի գումարներ` ձերբակալվածին բաց թողնելու համար: Սակայն թե՛ պաշտպանության և թե՛ մեղադրանքի կողմից նրա հարազատներին որևէ հստակ տեղեկատվություն չի տրվել այն մասին, թե այդ գումարները ում պետք է վճարվի, վճարելուց հետո երբ պետք է բաց թողնեն ձերբակալված քաղաքացուն: Փաստաբաններն էլ իրենց հերթին պահանջել են իրենց աշխատանքի համար վարձատրություն` երկու ամսվա ընթացքում որևէ քայլ չձեռնարկելով: Արդյունքում ամեն ինչ մնացել էր անորոշ և բարձիթողի վիճակում: Ըստ դիմումատուի` իր ամուսնուն վերաբերվող գործով առկա են եղել կոռուպցիոն ռիսկեր, և ինքը չգիտեր, թե պահանջված գումարները տալու դեպքում Վրաստանի Հանրապետությունում իր ամուսնուն կշարունակեն պահել անազատության մեջ, թե բաց կթողնեն:
Սոցիալապես անապահով վիճակում գտնվող դիմումատուն չուներ որևէ սպառիչ տեղեկություն իր ամուսնուն առաջադրված մեղադրանքի, գործի հետագա ընթացքի վերաբերյալ, նրան պարբերաբար առաջարկվել էր վճարել տարբեր չափերի գումարներ` ամուսնուն ազատ արձակելու համար:
Անօգնական վիճակում գտնվող քաղաքացուն աջակցելու նպատակով ՇՊԱԿ-ի փաստաբանը մեկնել է Վրաստանի Հանրապետություն, հանդիպել գործը վարող մարզային դատախազի հետ, ճշգրտել, թե ինչ մեղադրանք է առաջադրված ձերբակալվածին, դատախազության հետ կնքվել է համաձայնագիր, ինչից անմիջապես հետո ձերբակալվածին ազատ են արձակել, և նա վերադարձել է Հայաստան:
ՇՊԱԿ-ի միջամտության արդյունքում չեզոքացվել են բոլոր ենթադրյալ կոռուպցիոն ռիսկերը, ընդամենը մի քանի օրվա ընթացքում Հայաստանի քաղաքացին ազատ է արձակվել և վերադարձել տուն: