ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ Դիլիջանի թունելից մինչև Դիլիջանի հրապարակ տանող Մ4 միջպետական նշանակության ավտոճանապարհի 84-րդ կմ-ից 97-րդ կմ հատվածում և Վանաձոր-Դիլիջան Մ8 միջպետական ավտոճանապարհի 40-42-րդ կմ հատվածում մասամբ բացակայում էին անվտանգ երթևեկությունն ապահովող ճանապարհային նշանները:
«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Աշոտ Դայան և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից նշված ճանապարհահատվածներում կատարվել են կահավորման աշխատանքներ: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով Դիլիջանի թունելից մինչև Դիլիջանի հրապարակ տանող Մ4 միջպետական նշանակության ավտոճանապարհին հիմնականում տեղադրվել են նախազգուշացնող և առավելության ճանապարհային նշաններ, Դիլիջանի օղակաձև հրապարակում` հատուկ թելադրանքի և լրացուցիչ տեղեկատվական ճանապարհային նշաններ: Վանաձոր-Դիլիջան Մ8 միջպետական ավտոճանապարհի 40-42-րդ կմ հատվածում տեղադրվել են առավելության, արգելող և հատուկ թելադրանքի ճանապարհային նշաններ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորվել է շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողով: Ճանապարհահատվածը շահագործման ընդունելու վերաբերյալ հանձնաժողովի կողմից տրվել է դրական եզրակացություն:
Լուսանկարը՝ mtc.am-ի: