«Օտարերկրյացիների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` ՀՀ գործատուներն իրավունք ունեն օտարերկրյացի աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) կնքել լիազորված պետական կառավարման մարմնի կողմից օտարերկրյացուն տրված թույլտվության հիման վրա` գործատուի նշած ժամկետով: Նշված կանոնից սահմանված են բացառություններ, մասնավորապես`
Առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում կարող են աշխատել`
1. ՀՀ մշտական և հատուկ կարգավիճակ ունեցողներները, ինչպես նաև ՀՀ քաղաքացու կամ մշտական կացության ունեցող օտարերկրյացու մերձավոր ազգականները (ծնող, եղբայր, քույր, ամուսին, զավակ, տատ, պապ, թոռ),
2. ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում օրինական կարգով բնակվող օտարերկրյացու հետ ամուսանացած և ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով,
3. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների և դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները` փոխադարձության սկզբունքի հիման վրա,
4. մերձսահմանային շրջանների աշխատողները, ինչպես նաև կարճ ժամկետով ժամանող մշակութային և սպորտային մասնագիտություն ունեցող անձինք,
5. օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների հիմնադիրները, տնօրենները կամ լիազորված ներկայացուցիչները,
6. օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ Հայաստանի Հանրապետությունում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատելու նպատակով,
7. օտարերկրյա առևտրային կազմակերպության կողմից իր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն առաքվող կամ օտարերկրյա առևտրային կազմակերպություններից գնված մեքենաները, սարքավորումները, հաստոցները տեղադրելու, վերանորոգելու և դրանք շահագործելու համար աշխատողներին որակավորելու նպատակով 6 ամսից ոչ ավել ժամկետով ժամանող օտարերկրյա մասնագետները,
8. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող մասնագետները կամ այլ անձինք,
9. Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում դասախոսություններ կարդալու նպատակով հրավիրված օտարերկրյա ուսումնական հաստատությունների դասախոսները,
10. լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարմագրված ներկայացուցիչները,
11. փախստականի կարգավիճակ ունեցող, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստացած օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով,
12. համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում աշխատանք կատարող ուսանողները: