Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված լրացումների արդյունքում` սկսած 2012 թվականի հունիսի 1-ից ՀՀ այն քաղաքացիները, որոնք արտերկիր կմեկնեն 6 ամիսը գերազանցող ժամկետով կամ 6 ամսից ավելի ժամկետով ՀՀ տարածքից դուրս կբնակվեն և դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չեն տեղեկացնի այդ մասին, կտուգանվեն 3.000 ՀՀ դրամի չափով:
«Այստեղ ՀՀ օրենսդիրը հաշվի չի առել այն հանգամանքը, որ առկա են բազմաթիվ երկրներ, որտեղ Հայաստանը չունի ոչ դիվանագիտական ներկայացուցչություն, ոչ հյուպատոսական հիմնարկ, ուստի այս իրավիճակում անձի նկատմամբ նշանակված տուգանքը կլինի անհիմն և հակաօրինական և այն կոտնահարի անձի իրավունքները»,- iravaban.net-ի հետ զրույցում ասաց «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի («Հակակոռուպցիոն կենտրոնների ծրագրի») փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` նշված իրավիճակի կարգավորումը պետք է լինի օրենսդրական մակարդակով և, որպես լուծման տարբերակ, պետք է ամրագրվի նմանատիպ իրավիճակում ամենամոտը գտնվող կամ քաղաքացու ընտրությամբ ՀՀ այլ դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին տեղեկացնելու ինստիտուտը:
Բացի այդ, ՀՀ այն բնակիչը, որը բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու համար չի տրամադրի իր հասցեն կամ մշտական բնակության վայրը փոփոխելու մասին սահմանված ժամկետում չի հայտնի բնակչության պետական ռեգիստրին, կտուգանվի 3.000 ՀՀ դրամի չափով: