ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 9-ի նիստում փոփոխություններ կատարեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ-ի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ` սահմանելով այն բացառությունները, համաձայն որոնց այսուհետ տրանսպորտային միջոցների հաշվառման/գրանցման համար գույքահարկի ամբողջական կատարման մասին տեղեկանք չի ներկայացվելու:
Մասնավորապես` հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռքբերման, սնանկության աճուրդով ձեռքբերման, հարկադիր էլեկտրոնային աճուրդից կամ սնանկության վարույթի աճուրդից գույքը պահանջատիրոջը կամ պարտատիրոջը հանձնման, բանկերի (վարկային կազմակերպությունների, գրավատների) կողմից արտադատական եղանակով բռնագանձման, դեսպանատներին պատկանող տրանսպորտային միջոցների իրացման, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության եւ բորսաների կողմից օտարման դեպքերում ձեռք բերված տրանսպորտային միջոցների հաշվառման/գրանցման համար քաղաքացիներն ազատվում են գույքահարկի ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելուց: Տեղեկացնում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հասարակության հետ կապերի բաժինը:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո նախատեսված դեպքերում ներկայացվում են դրանք հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: Oրինակ`հարկադիր էլեկտրոնային աճուրդով կամ սնանկության աճուրդով ձեռքբերման դեպքերում հաշվառման համար հիմք է ընդունվելու աճուրդի արձանագրությունը:
Համաձայն գործող որոշման` սահմանված էր, որ տրանսպորտային միջոցների հաշվառման/գրանցման համար անհրաժեշտ էր ներկայացնել նաեւ գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք: Սակայն որոշմամբ սահմանված չէին վերոնշյալ բացառությունները եւ տվյալ պարագայում տրանսպորտային միջոցներ ձեռք բերող քաղաքացիների մոտ առաջանում էին լրացուցիչ պարտավորություններ` մարելու նախորդ սեփականատիրոջ պարտքերը, քանի որ գործող որոշմամբ հաշվառող մարմնին պարտադիր պետք է ներկայացվեր գույքահարկի պարտավորությունների վերաբերյալ ամբողջական կատարման մասին տեղեկանք: Հետեւաբար, ուղղակիորեն խախտվում էր տրանսպորտային միջոցները նշված դեպքերում ձեռք բերող քաղաքացիների իրավունքները, քանի որ “Գույքահարկի մասի”» ՀՀ օրենքի համաձայն` տրանսպորտային միջոցներն օտարելու դեպքում գույքահարկի գծով պարտավորությունները՝ տվյալ դեպքում նոր սեփականատիրոջը չեն անցնում:
“Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասի” որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից: