Վաղվանից Սեւանա լճից մինչեւ օգոստոսի 4-ը բաց կթողնվի 35 միլիոն խորանարդ մետր ավելացված ծավալով ջուր:
«Եթե պետհիդրոմետը խոսում է կանխատեսումների մասին` սպասվելիք երաշտի, ապա ամեն օր մենք տեսնում ենք անձրեւներ»,- ասում է Էկոլուր ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը:
Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամայանին եւ ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանին, որպեսզի ներգրավեն հանրությանը ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի քննարկմանը դրված Սևանա լճից 320 միլիոն խմ ջուր բաց թողնման մասին ՀՀ կառավարության նախագծի լսումներին, սակայն իրենց հնարավորություն չի տրվել:
«ՀՀ սահմանադրության, Օրհուսի կոնվենցիայի եւ ՀՀ օրենքների խախտմամբ է ընդունվել ներկայացված օրինագիծը: Մասնագետների մասնակցությունը հանձնաժողովի քննարկմանը խոչընդոտվում է: Այս ամենը կասկածի տակ է դնում նախագծի օրինականությունը, այսպիսով Հայաստանում խախտվում են ժողովրդավարական սկզբունքները եւ որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության իրավունքը»,- ասում Էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանախոսները Էկոլոգիական հասարակական դաշինքի մեջ մտնող 50 կազմակերպությունների անունից պահանջում էին չեղյալ համարել հունիսի 20-ի քննարկումը Սեւանա լճից 320 միլիոն խմ ջուր բաց թողնման մասին եւ նշանակել առանձին ընդլայնված քննարկում` հնարավորություն տալով մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերին:
Վերջիններս պնդում էին, որ նույն օրը տեղի է ունեցել նախագծին վերաբերող 2 լսում եւ ընդունվել է օրենքը` ընդ որում երկրորդ լսման մասին որեւէ տեղեկատվություն չի եղել: