Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում շարունակվում է բողոքի ակցիան ընդդեմ ռուսերեն լեզվի մասին օրենքի: Ցուցարարները Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջում են չստորագրել Գերագույն ռադայի կողմից ընդունված օրենքը ռուսաց լեզվի մասին:
Ուկրաինական Korrespondent կայքի փոխանցմանբ՝ այսօր «Ուկրաինայի տան» դիմաց հավաքված ցուցարարների և հատուկ ջոկատայինների միջև բախում է տեղի ունեցել: Ոստիկանները նաև արցունքաբեր գազ են օգտագործել ցուցարարներին շենքի աստիճաններից հեռացնելու համար:
Բողոքի ակցիային մասնակցում է նաև WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն, ով նույնպես տուժել է գազային հարձակումից: Տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու հոգի փորձում աշխարհի չեմպիոնին դուրս բերել բախման կենտրոնից:
Տեղեկացնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան հուլիսի 3-ին ընդունել է ռուսաց լեզվի կարգավիճակի վերաբերյալ մի օրենք, որը դժգոհություն է առաջացրել բնակչության մեծ մասի, ինչպես նաև ռադայի պատգամավորներից շատերի մոտ: Օրենքի ընդունումից հետո Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինը հրաժարական է տվել: Նրա կողմնակիցներից շատերը ևս հրաժարական են տվել, իսկ 5 պատգամավոր հացադուլ է հայտարարել: Որոշ աղբյուրներ նշում են, որ օրենքի ընդունման մասին քվեարկությունը տեղի է ունեցել ընդմիջման ժամանակ և Ռադայի խոսնակը ներկա չի եղել քվեարկությանը: