Աննախադեպ նշանակում ԱԻ նախարարությունում

Այսօր, առաջին անգամ ԱԻ համակարգի պատմության մեջ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար է նշանակվել երիտասարդ աղջիկ` Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հատուկ բարդության ջրասուզական խմբի հրամանատարի տեղակալ, լեյտենանտ Էվելինա Խաչատրյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության բաժնի փոխանցմամբ` Ա. Երիցյանի գրասենյակ Էվելինան մտավ վստահ քայլերով ու սպային վայել ներկայացավ նախարարին:

– Մեր առաջին հանդիպման ժամանակ խոստացար, որ լավ ես աշխատելու,- հիշեցրեց ԱԻ նախարարը: Տեսնում եմ` կատարում ես խոստումդ, բայց կարո՞ղ ես ավելի մեծ պատասխանատվություն վերցնել քեզ վրա:

– Ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն ես կաշխատեմ արդարացնել Ձեր վստահությունը,- պատասխանեց Էվելինան:

Նախարար Ա. Երիցյանը շնորհավորեց նրան նոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ և ասաց, որ հավատում է նրա ուժերին:

Սևանի ՀՓՋ նոր հրամանատարը ծանոթ է իր անձնակազմին, քանի որ հաճախ միասին են արձագանքում արտակարգ դեպքերի կանչերին, վստահ է, որ ծառայակիցների հետ կաշխատեն հարգալից ու համերաշխ մթնոլորտում` շարունակելով նաև համագործակցել ջրափրկարարական ջոկատի հետ:

***
Էվելինա Խաչատրյանը ծնվել է 1981 թ. փետրվարի 2-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում:

1998 թ. միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել և 2003 թ. կրկին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Մասնագիտությամբ ուսուցչուհի է` օտար լեզուների մասնագետ: Տիրապետում է գերմաներեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:

2003-2004 թթ. աշխատել է Սևանի ակնաբուժական կլինիկայում` որպես օպերատոր, միաժամանակ` եղել Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կամավոր:

2005-2010 թթ. եղել է ՀԿԽԸ ջրափրկարարության ծրագրի հրահանգիչ: Վերոնշյալ ծրագրի շրջանակներում փորձի փոխանակման և որակավորում ստանալու նպատակով գործուղվել է Սերբիա և Գերմանիա:

2010-2012 թթ. գերմաներեն է դասավանդել Մ. Խորենացու անվան համալսարանի Սևանի մասնաճյուղում:

2013 թ. օգոստոսից ծառայության է անցել ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատում՝ որպես հատուկ բարդության ջրասուզական խմբի հրամանատարի տեղակալ և ստացել փ/ծ լեյտենանտի կոչում:

Հետաքրքրվում է տեղեկատվական տեխնոլոգիաներով, սիրում հաճախել ցուցահանդեսներ, թատրոն ու զբաղվել ընթերցանությամբ:

Փոքրուց սովորել է լողալ, իսկ 2005 թ. արդեն զբաղվում է պրոֆեսիոնալ լողով և մասնագիտացել է ջրասուզակային գործում:

ԱԻՆ համակարգում ծառայության ընթացքում հասցրել է աչքի ընկնել մասնագիտական պատրաստվածությամբ ու բարեխիղճ աշխատանքով:

Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել են նաև մի շարք այլ նշանակումներ` ՓԾ Երևան քաղաքի վարչությունում, ՓՈՒՎ կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնում, ՕԿՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում, ինչպես նաև Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել