Հուլիսի 6-ին Կոսովո կմեկնի հայ խաղաղապահների 35 հոգուց բաղկացած ստորաբաժանումը: Հայ խաղաղապահները տեղակայվելու են Ուրոշեվաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ «Բոնդսթիլ» ռազմակայանում և վեցամսյա ռոտացիոն հիմունքներով խաղապահ առաքելություն կիրականացնեն «Արևելք» բազմազգ մարտական խմբի պատասխանատվության գոտում:
Հայ խաղաղապահները պատասխանատու կլինեն պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության ապահովման, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար:
2004 թ.-ից Կոսովոյի առաքելությանը մասնակցող հայկական խաղաղապահ ստորաբաժանումը 2012թ. փետրվար ամսին ժամանակավորապես դուրս էր բերվել Կոսովոյից` առաքելությանը մասնակցող ուժերի կրճատման պատճառով: «Արևելք» բազմազգ մարտական խմբի պատասխանատվության գոտում հայ խաղապահների առաքելության վերսկսման վերաբերյալ ամերիկյան կողմի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: