«Գորիս» ՔԿՀ-ում իր պատիժը կրող Կարեն Ներսիսյանին (անուն-ազգանուն փոխված է) չեն թույլատրել բուժզննում և բուժսպասարկում ստանալ քրեակատարողական հիմնարկից դուրս:
Ներսիսյանի մոտ վերջին շրջանում ի հայտ են եկել առողջական խնդիրներ, և քրեակատարողական հիմնարկի վարչակազմը հիմնարկից դուրս բուժզննում անցնելու նրա բոլոր դիմումները անարձագանք է թողել:
ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ խնդրի կապակցությամբ Կարեն Ներսիսյանը դիմել է Պաշտպանին: Պաշտպանի գրությանն ի պատասխան, Քրեակատարողական վարչության պետը հայտնել է, որ դատապարտյալ Կարեն Ներսիսյանը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ դատապարտյալը ստացել է համապատասխան բուժզննում: Նշանակվել է դեղորայքային բուժում:Դատապարտյալ Կարեն Ներսիսյանը սակայն հրաժարվել է Գորիս բժշկական կենտրոնում բուժում ստանալ` հայտնելով, որ ինքը միայն ուզել է բուժզննում և ախտորոշում ստանալ ՔԿՀ-ից դուրս, իսկ բուժումը ստանալ ուզում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում, ինչի վերաբերյալ առկա է գրառում վերջինիս բժշկական քարտում։ Ներսիսյանի հետագա բուժման կազմակերպումը գտնվում է ընթացքի մեջ և վարչության հսկողության տակ։