Էդգար Գ․-ին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով «Մեթադոնային փոխարինող բուժման» ծրագրի շահառու, ստացել և տարբեր անձանց է վաճառել մեթադոն՝ շահադիտական նպատակով։
Նրա կողմից թմրամիջոցն ապօրինի իրացվել է Էջմիածին քաղաքում և Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում։
Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական հարթակից։
Գործը դատարան է ստացվել 2023 թվականի օգոստոսի 28-ին և մակագրվել է դատավոր Արթուր Ադամյանին։ Խափանման միջոց են ընտրվել տնային կալանքն ու բացակայելու արգելքը։
2023 թվականի մարտի 30-ին բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք դեպքեր, որոնց շրջանակում երեք անձանց մեղադրանքներ են առաջադրվել։
Ըստ գործի նյութերի՝ Էդգար Գ․-ն հանդիսացել է ՀՀ առողջապահության նախարարության «Մեթադոնային փոխարինող բուժման» ծրագրի շահառու։
Քննության տվյալներով՝ Էդգար Գ․-ն օգտագործել է իր դիրքը և շահադիտական նպատակով ապօրինի վաճառել է զգալի և մանր չափերի «մեթադոն»՝ տարբեր անձանց։
Ըստ իրավապահ մարմինների՝ Էդգար Գ․-ն Էջմիածնում Արման Տ․-ին, Արմավիրի մարզում 10,000 դրամի դիմաց Հայկ Ս․-ին և 15,000 դրամով Վլադիմիր Ն․-ին վաճառել է «մեթադոն» ։
Մեթադոնը հայտնաբերվել է գնորդների անձնական խուզարկությունների ընթացքում։
Արման Տ․-ն և Վլադիմիր Ն․-ն, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, մեղադրվում են թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահման մեջ՝ առանց իրացման նպատակի։
2023 թվականի օգոստոսի 21-ին դատարանի որոշմամբ Արման Տ․-ի և Վլադիմիր Ն․-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել է երկրից բացակայելու արգելքը։ Իսկ Էդգար Գ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
2024 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած դատական նիստում Մեղադրյալ Էդգար Գ․-ի նկատմամբ ընտրված տնային կալանքը երկարաձգվել է 3 ամիս ժամկետով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: