Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած 68–ամյա տղամարդու սպանության վարույթով ձերբակալվել է Նոր Դվին բնակավայրի բնակիչը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ 2024թ․ նոյեմբերի 10–ին 68–ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Տեսանյութը՝ այստեղ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ 2024թ. նոյեմբերի 10–ին՝ ժամը 20:10-ին, շտապօգնության խումբը ահազանգով մեկնել է Աէրացիա թաղամաս, որտեղ գործող սուպերմարկետի դիմաց՝ փողոցում, հայտնաբերվել է հիշյալ տղամարդու դին:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվել է սպանված տղամարդու ինքնությունը, ում գլխի հետին գագաթային հատվածում հայտնաբերվել է արնանման հետքով վնասվածք։ Համաձայն դատաբժիշկ-փորձագետի հայտարարության՝ վնասվածքը առաջացել է բութ առարկայի ներգործության հետևանքով:

Իրականացված քննչական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի Նոր Դվին բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1968թ․։

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ նոյեմբերի 10–ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Շենգավիթ վարչական շրջանում գործող սուպերմարկետի մոտ 68 և 56–ամյա տղամարդկանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս փայտե մահակով հարվածել է 68–ամյա տղամարդու գլխին և հեռացել դեպքի վայրից։ Հարվածի արդյունքում ստացած մարմնական վնասվածքից տղամարդը մահացել է։

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Նոր Դվին բնակավայրի բնակիչը ձերբակալվել է։

Նշանակվել է դիակի, ինչպես նաև ձերբակալված անձի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել