Ավարտելով դիվանագիտական առաքելությունս որպես Հայաստանի Հանրապետության դեսպան Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ երախտագիտությամբ ու բազում հուշերով լքում եմ բարեկամ և եղբայրական Իրանը: Դեսպան Արսեն Ավագյանը հրաժեշտի ուղերձ է հղել, որում նշվում է․
«Անցնող երեք տարիները Հայաստանի Հանրապետության և Հայաստան-Իրան հարաբերությունների համար նշանավորվեցին նորանոր մարտահրավերներով ու փորձություններով, կապերի խորացմամբ ու փոխգործակցության ակտիվացմամբ:
Այս ժամանակահատվածում ինչպես իմ, այնպես էլ դեսպանության ողջ անձնակազմի ամենօրյա ուշադրության առանցքում է եղել Հայաստան-Իրան բարիդրացիական հարաբերություններն առավել զարգացնելու ռազմավարական տեսլականը:
Այս բարդ ճանապարհին ցանկանում եմ երախտագիտությանս խոսքերը հղել մեր իրանահայ համայնքին, որը յուրահատուկ հասարակական ու մշակութային կամուրջ է Հայաստանի և Իրանի միջև: Անկեղծ երախտագիտությունս եմ հղում նաև Իրանում գործող Հայաստանյայց Առաքելական եկեղեցու երեք թեմերին: Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է պահպանել դեսպանության և իրանահայ համայնքի միջև ավանդաբար գործող սերտ շփումները:
Նորանոր հաջողություններ և աշխատանքային ձեռքբերումներ եմ մաղթում Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան, պարոն Գրիգոր Հակոբյանին: Վստահ եմ, որ նրա աշխատանքի շնորհիվ մեր երկկողմ հարաբերությունները նվաճելու են նոր ու տեսանելի հորիզոններ:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ն Հայաստան-Իրան եղբայրական հարաբերությունները»,-նշել է նա: