«Այս գործը տարօրինակ կերպով շատ-շատ է ձգձգվում»․ Սեդրակ Քոչարյանի գործով նիստը՝ Հակակոռուպցիոն դատարանում

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Հակակոռուպցիոն դատարանում, նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի շարունակվեց Սեդրակ Քոչարյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի գործով հերթական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պատասխանողի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նիստի ընթացքում նշեց, որ Քաղաքացիական դատարավարության օրենսգրքով սահմանված կարգը պետք է լինի սահմանադրական, օրինական․ «Դատախազությունը, ի տարբերություն, գրեթե բոլոր այլ պետական սահմանադրական, տեղական ինքնակառավարման մարմինների, ունի մեկ հիմնական առանձնահատկություն՝ իր լիազորությունների շրջանակը նախատեսված է Սահմանադրությամբ՝ սպառիչ կերպով։ Այսինքն, սահմանադիրը գտել է, որ դատախազության լիազորությունները որևէ  իրավիճակում չեն կարող օրենսդրի կողմից ընդլայնվել»։

Նա հավելեց, որ 2021 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այն ժամանակվա Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի կողմից հանդիպում էր տեղի ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության միջև․ «Մեզ էր փոխանցվել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծ՝ հիմնավորումներով փաստաթուղթ, որը մշակվել էր 2019-21 թվականներին գործող սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից, որը հետագայում լուծարվեց, այնուհետև՝ ձևավորվեց։ Բայց այդ, հանձնաժողովի կողմից փաստաթուղթ էր մշակվել, որը այդ ժամանակվա Արդարադատության նախարարը փոխանցել էր, այսպես ասած, ԱԺ խմբակցություններին։

Այդ նախագծով և հիմնավորումներով ուղղակիորեն ձևակերպված էր, որ անհրաժեշտ է սեղմ ժամկետներում փոփոխել Սահմանադրության 176-րդ հոդվածը՝ այնտեղ առանձին տողով նախատեսելով դատախազության լիազորությունը, որպես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներ հարուցելու լիազորություն ունեցող մարմին։ Դա որպես առաջարկ էր ձևակերպվել»։

Վարդևանյանը հիշեց, որ ինքը հարցադրում է հնչեցրել՝ այդ առաջարկությունով հավաստվում է այն հնարավոր մտահոգությունը, որ դատախազությունը այդ փուլում չի կարող նման լիազորություն իրացնել․ «Ես հստակ պատասխան չստացա, բայց թուղթը բոլոր դեպքերում մշակվել էր այդ տրամաբանությամբ։

Մյուս հանգամանքը՝ հաշվի առնելով, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ ներկայացվել էր ՍԴ դիմում և դա ներկայացվել էր ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի նախաձեռնությամբ։ Դիմումում ես ինքս հանդես եմ եկել որպես ներկայացուցիչ, այս խնդիրը, որը ներկայացվում է, տեղ  է գտել այդ դիմումում։։ ՍԴ-ն ոչ թե մասնակի՝ այլ ամբողջ ծավալով օրենքի  սահմանադրականության վերաբերյալ դիմումը ընդունել է վարույթ։ Հետևաբար կատեգորիկ պնդել հակառակը՝ չենք կարող»։

Դատախազ Գևորգ Քոչարյանը նշեց, որ Սահմանադրությամբ դատախազությանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց հարուցելու կամ ուսումնասիրություն կատարելու գործառույթ սահմանված չէ․ «Սահմանադրությամբ ասվում է, որ դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան։ Սահմանադրությունը չի կարող լինել անծայրածիր, ինքը ընդհանուր նորմերն է տալիս»։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ  գործը տարօրինակ կերպով շատ-շատ է ձգձգվում․ «Ընդ որում՝ այս դեպքում նաև խորհրդատվական կարծիք ուներ Վենետիկյան հանձնաժողովը, բայց, չգիտես ինչու, այս գործը ձգձգվում է՝ պայմանավորված, միգուցե, որոշակի անձանց տարբեր մարմիններում ծառայության անցնելու մասով»։

Դատախազ Գևորգ Քոչարյանը նշեց «Դատախազության մասին» օրենքով սահմանված բացառիկ դեպքերը․ «Ոչ թե յուրաքանչյուր դեպքի համար է օրենքը ինչ-որ բան սահմանում, այլ այն հանգամանքները, որը համարում է բացառիկ դեպք՝ համայնքային շահ, պետական շահ, քրեական վարույթ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ։ Օրենքն է դա բացառիկ համարել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել