ՀՅԴ ԳՄ-ն՝ կուսակցության գրասենյակներում խուզարկությունների, ձերբակալությունների ու կալանավորումնեի մասին

Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում․

«Տևական ժամանակ է՝ ՀՀ իրավապահ համակարգը քաղաքական իշխանության պատվերով շարունակում է քաղաքական հետապնդումները՝ ապօրինի քրեական գործեր հնարելով:

Քաղաքական այս վրեժխնդրությունը, որի նպատակն է բոլոր միջոցներով լռեցնել հայրենադավ իշխանության դեմ պայքարողներին, ոչ միայն ժողովրդավարության, իրավունքի և օրինականության բացահայտ արհամարհանք է, այլ նաև քաղաքական անբարոյականության ցցուն օրինակ:

Դաշնակցության անդամների և համակիրների բնակարաններում, կուսակցության գրասենյակներում խուզարկությունները, ձերբակալություններն ու կալանավորումներն իրականացվում են ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի (հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելը) քողի ներքո։ Նախաձեռնված շինծու քրեական գործերի շրջանակներում ապօրինաբար խոչընդոտում են կուսակցության գործունեությունը՝ կազմալուծելով կուսակցության մարզային գրասենյակների աշխատանքը: Վերջին օրինակը Վայոց Ձորի մարզում է, երբ ապօրինաբար ձերբակալվեցին կուսակցության անդամ և համակիր հանդիսացող 12 անձ, այդ թվում՝ կուսակցության Գերագույն մարմնի, ինչպես նաև մարզային կառույցի ղեկավար մարմնի անդամներ, որոնց կեսից ավելին կալանավորվեցին՝ ընդհուպ 2 ամսով, մի մասի նկատմամբ սահմանվեց տնային կալանք կամ բարձր գրավ:

Երկամսյա նախաքննության ընթացքում չհայտնաբերելով որևէ հանգամանք, որը թեկուզ փոքր-ինչ կվկայեր նշված ենթադրյալ արարքում ազատությունից զրկված անձանց մեղսակցությունը, քննչական կոմիտեն՝ գլխավոր դատախազության և Նիկոլ Փաշինյանին հպատակ դատավորների միջոցով որոշել է երկարացնել կալանքի ժամկետները, նոր՝ կեղծ և իրականության հետ աղերս չունեցող փաստարկներ բերելով: Սա այն դեպքում, երբ Քրեական օրենսգրքի վկայակոչված նորմը, որը ՀՀ քրեական օրենսգրքում ներդրվել է ՔՊ-ական իշխանության կողմից, ոչ միայն ներկայումս վիճարկվում է Սահմանադրական դատարանում, այլ նաև այս նորմի իրավակիրառ հակաիրվական բնույթի մասին արձանագրել է նաև ԵԽԽՎ-ն՝ իր 2024 թ. հունիսի 26-ի՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ բանաձևում:

Անգամ ներկայումս առկա ձևակերպման պայմաններում նշված արարքի համար նախատեսված պատիժը սկսվում է 10000 դրամ տուգանքից և առավելագույն պատիժը հաշվի առնելով՝ համարվում է միջին ծանրության հանցագործություն, որի համար որպես խափանման միջոց չէր կարող կիրառվել նման երակարատև կալանք և այն էլ տեսակցության խստիվ սահմանափակմամբ: Ավելին՝ կալանքներ և տնային կալանքներ են տրվում մարդկանց, ովքեր ունեն իրենց խնամքի տակ անաշխատունակ ծնողներ կամ անչափահաս երեխաներ, իսկ տեղաշարժի և տեսակցությունների խստիվ սահմանափակման պայմաններում նրանց ընտանիքները զրկվում են գոյատևման համար անհրաժեշտ նվազագույն եկամուտներ վաստակելու հնարավորությունից: Եթե սրան էլ ավելացնենք այն, որ մի շարք դեպքերում քրեական վարույթ իրականացնող մարմինը անհաղթահարելի խոչընդոտներ է ստեղծում անգամ մարդկանց նվազագույն դրամական միջոցների հասանելիությանը, որոնք պետք է ուղղվեն վարկային պարտավորությունների կատարմանը, ապա անձանց և նրանց ընտանիքների խոշտանգումը ամբողջական կդառնա:

Այլ կերպ ասած՝ մենք գործ ունենք Հայաստանում հաստատված քաղաքական ռեժիմի և նրան հպատակ իրավական մի համակարգի հետ, որի համար չկան նվազագույն իրավական, քաղաքական և բարոյական սկզբունքներ:

Առ այդ, խստիվ դատապարտելով նման վարքագիծը՝ տեղական և միջազգային իրվապաշտպան կազմակերպությունների, ժողովրդավարության և իրավունքի գերակայան խնդիրներով զբաղվող կառույցների ու դեսպանատների ուշադրությունն ենք հրավիրում հակաժողովրդավար, հակաիրավական և հակաբորայական այս երեևույթների և այն առաջ տանող Հայաստանում գործող իրավաքաղաքական ռեժիմի ցուցաբերած գործելակերպի վրա:

Միաժամանակ ի լուր բոլորի հայտարարում ենք. Մեր պայքարը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել հայոց պետականությունն ու անվտանգությունը երաշխավորող, ժողովրդավարությունը, մարդու հիմնական իրավունքներն ու ազատություններն ապահովող իշխանություն:

ՀՅԴ գերագույն մարմին

14.08.2024թ.»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել