Հայրենասեր լինելուց առաջ Գ. Չեմբերջյանի հավատո հանգանակը հայրենատիրությունն է, մշտապես պետության ու եկեղեցու կողքին լինելը: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն։
«Ապրիլի 9-ին lurer.com էլեկտրոնային լրատվամիջոցն անդրադարձել է ազգային բարեգործ, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Գաբրիել Չեմբերջյանին, ով իր ներդրումն ունի մեր միության բնականոն գործունեությունն ապահովելու հարցում:
Հարկ ենք համարում ընդգծել, որ Գ. Չեմբերջյանը հայոց մեծ Եղեռնի հետևանքով հայրենազրկվելով` ապրել ու ապրում է հայրենի պետականության կողքին լինելու, նրան սատարելու սկզբունքով, ու խոշորագույն սխալ է նրա գործունեության մեջ իշխանություններին հաճոյանալու նպատակով կոնկրետ անհատին փնտրելը, ինչ-որ շահեր հետապնդելը:
Հայրենանվեր գործունեությամբ Գ. Չեմբերջյանը սկսել է զբաղվել հանրապետության կազմավորման առաջին տարիներից, որը իր հետագա շարունակությունն է գտել ի դեմս «Փյունիկ» հիմնադրամի` հասնելով մեր օրեր ու, վստահ ենք, որ կշարունակվի երկրի նոր կառավարիչների պայմաններում ևս, քանզի հայրենատիրությունը նրա համար կենսակերպ է, հայրենիքին ծառայելը` սրբազան պարտք: Հայրենասեր լինելուց առաջ Գ. Չեմբերջյանի հավատո հանգանակը հայրենատիրությունն է, մշտապես պետության ու եկեղեցու կողքին լինելը:
Անձնական շահերի հետապնդմամբ անշնորհակալ ու վտանգավոր գործ է մարդկանց անվանարկելը»,-ասվում է հաղորդագրության մեջ: