Գ․Մ․-ն վաճառել է ուրիշի ավտոմեքենան, և նման կերպ հափշտակել ընդհանուր ավելի քան 1 մլն ՀՀ դրամ։
Գործը Երևանի քրեական դատարանի վարույթում է, այն մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ վերջինս իմանալով, որ Ա․ Ս․-ն և Ա․ Հ․-ն որոշել են միասին ավտոմեքենաներ գնել և եկամուտ ստանալու նպատակով այդ մեքենաներն օրավարձով տալ այլ անձի, հայտնել է, որ ունի «Բիդ» մակնիշի ավտոմեքենա, որը վաճառում է 1600 ԱՄՆ դոլարով։
Տուժող անձինք համաձայնել են գնել մեքենան և Գ․Մ․-ին տվել են 600 ԱՄՆ դոլարին համարժեք 295.800 ՀՀ դրամ գումար։ Հետագայում նրանք իմացել են, որ «Բիդ» մակնիշի ավտոմեքենան պատկանում է այլ անձի։ Ա․ Ս․-ն և Ա․-Հ․-ն ավտոմեքենան վերադարձրել են մեղադրյալին, որն էլ մեքենան վերադարձրել է սեփականատիրոջը և խոստացել է հետ տալ իրեն տված 500 ԱՄՆ դոլարը, սակայն այդպես էլ չի վերադարձրել գումարը
Բացի այդ, նա նույն մարդկանց վաճառել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա 350 000 ՀՀ դրամով, հենց նույն օրն էլ օրավարձով վերցրել մեքենան, որից հետո անհետացել է՝ առանց որևիցե գումար վճարելու։
Գ․ Մ․-ն այլ կերպ խարդախությամբ հափշտակել է 680․ 000 ՀՀ դրամ։ Վերջինս օրավարձով Ռ․ Կ․-ից վերցրել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան, մեկ ամիս վարել է այն, իսկ հետո Ռ․Կ․-ն 680.000 ՀՀ դրամ գումարով վաճառել է այդ մեքենան Գ․Մ․-ին։ Տուժողը մոտ մեկ ամիս անց իմացել է, որ մեղադրյալը մասնատել է ավտոմեքենան և մաս-մաս վաճառել։ Նա պահանջել է իր գումարը Գ․Մ․-ից, որը խոստացել է վճարել, սակայն փոխել է իր հեռախոսահամարը և անհետացել։
Այսպիսով, մեղադրյալը, տիրանալով ավտոմեքենային, որևէ գումար չի վճարել և անհետացել է՝ խաբեության եղանակով կատարելով խոշոր չափերի՝ 680.000 ՀՀ դրամի հափշտակություն:
Նախնական դատալսումը նշանակված է մարտի 26-ին՝ ժամը 11։00-ին։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: