«Հրաժարվում եմ ցուցմունք տալուց»․ Լևոն Երանոսյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, այսօր՝ մարտի 1-ին, շարունակվեց Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական քննությունը։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 16-ի և ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախորդ դատական նիստի ընթացքում Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտնել էր, որ դեռևս չեն որոշել՝ դատարանում հարցաքննվելո՞ւ են, թե ոչ։ Այսօր Լևոն Երանոսյանը դատարանում հայտարարեց, որ հրաժարվում է և՛ ցուցմունք տալուց, և՛ հարցերին պատասխանելուց։

Մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանը միջնորդեց դատարանին, որպեսզի հրապարակվեն նախաքննական ցուցմունքները։ Պաշտպանության կողմը չառարկեց։ Նախագահող դատավորը հայտնեց, որ հիմնավոր է համարում ներկայացված միջնորդությունը և բավարարեց այն։

Դատարանը սկսեցին հրապարակել Լևոն Երանոսյանի 2018 թվականի ցուցմունքները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել