Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը իր խորին ցավակցություններն է հայտնում ռուսաստանցի ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ, բռնատիրության եւ կոռուպցիայի դեմ, հանուն ազատ եւ ժողովրդավարական Ռուսաստանի անխոնջ եւ ինքնազոհ պայքարող Ալեքսեյ Նավալնու հարազատներին, մտերիմներին, Ռուսաստանի ողջ ժողովրդավարական հասարակայնությանը։
Նավալնին զոհ գնաց Ռուսաստանում իշխող քրեաօլիգարխիկ բռնատիրական ռեժիմի, եւ համալրեց իրենց երկրի իրական հայրենասեր նվիրյալների այն ցանկը, ովքեր չխնայելով սեփական կյանքը՝ պայքարեցին հանուն հանրային շահի, հանուն սեփական հայրենիքում մարդային քաղաքակրթության լավագույն արժեքների արմատավորման, ինչպիսիք էին Գալինա Ստարովոյտովան, Աննա Պոլիտկովսկայան, Սերգեյ Մագնիտսկին, Բորիս Նեմցովը եւ շատ ուրիշներ։
21-րդ դարում միջնադարյան-ֆեոդալական ռուսական կայսրություն վերականգնելու հիվանդագին մարմաջով հարեւանների դեմ պատերազմներ հրահրող Պուտինյան հրեշավոր մարդասպան համակարգը անում է ամեն բան, որպեսզի լռեցնի Ռուսաստանի լավագույն զավակների եւ դուստրերի ձայնը՝ հանուն խաղաղության եւ առաջընթացի, հանուն մարդու իրավունքների եւ ազատությունների։ Այդ համակարգը նախ փորձեց սպանել Նավալնուն թունավորման միջոցով, ապա, երբ դա չհաջողվեց՝ կեղծ, շինծու մեղադրանքներով բանտարկեց նրան, ու ի վերջո՝ կործանեց։
Մենք խստորեն դատապարտում ենք Ալեքսեյ Նավալնուն մահվան հասցրած պուտինյան բռնապետական ռեժիմը եւ վստահություն հայտնում, որ Ռուսաստանի ժողովուրդները մոտ ապագայում կթոթափեն քրեաօլիգարխիայի հակամարդկային լուծը եւ կհասնեն նրան, որ Ռուսաստանը լինի ազատ։