Նոր Սահմանադրությամբ Փաշինյանն ուզում է կտրել պետությունը Հայրենիքին կապող պորտալարը․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։

«Պետությունը՝ Նիկոլին, Հայրենիքը՝ թյուրքերին, և 3 մատի կոմբինացիա՝ հայ ժողովրդին
Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է պետությունը Հայրենիքին հակադրելու կեղծ և քայքայիչ քարոզը, ինչը զարմանալի չէ:

Անգրագետ և ֆեյք հիմնավորումները «պետականակենտրոն» նոր գաղափարախոսություն ստեղծելու փորձեր են, որոնց շարժառիթը շատ պարզ է. հազարամյակների պատմություն ունեցող Հայոց ինքնության մեջ նա տեղ չունի, ուստի բոլոր ջանքերը գործադրելու է սեփական հագով գաղափարական հիմք կարելու և հայ ժողովրդին դրա մեջ զոռով ճխտելու ուղղությամբ:

Հիշում եք, որ Նիկոլի խոստովանությամբ նրանք չունեին «իզմ»-եր, չունեին արժեհամակարգ, և ահա ազգային պետությունը տապալելուց հետո նա փորձում է սինթեզել այդպիսի մի համակարգ, որով հիմնավորի իշխանության ղեկին սոսնձվելու սեփական տենչանքը: Այս ռազմավարության մի մաս է, օրինակ, ՔՊ-ի ակտիվացած ներկուսակցական գործունեությունը և զավեշտի հասնող «ձմեռային լսումները» ՔՊ գրասենյակում:

Անտեսելով դասագրքային ճշմարտությունները, որ պետությունը նախևառաջ Հայրենիքի պաշտպանության գերագույն կազմակերպչական ձևն է, Նիկոլը նախաձեռնել է Հայրենիքի ոչնչացման բազմաքայլ օպերացիա, և այդ օպերացիայի մի մասն է, օրինակ, նոր Սահմանադրություն ունենալու նախաձեռնությունը: Նոր Սահմանադրությամբ Փաշինյանն ուզում է կտրել պետությունը Հայրենիքին կապող պորտալարը:

Նիկոլը զավթել է պետությունը Հայրենիքը թշնամուն հանձնելու շնորհիվ: Նրա պատկերացմամբ՝ պետությունն իրենն է, իսկ Հայրենիքը՝ թյուրքերինը: «Հայրենիքը տանք, որ պետությունում հանգիստ ապրենք». սա է նիկոլական քարոզչական հիմնական թեզը, որով նա փորձում է քողարկել հայ ժողովրդին ուղղված երեք մատի կոմբինացիան:

Սակայն իրականում Փաշինյանը նաև այստեղ է ստում: Նա չի սիրում պետությունը, նա իշխանություն է սիրում, իսկ սա խիստ տարբեր երևույթ է: Նա համաձայն է ցանկացած տիպի իշխանության, ուստի իր պատկերացրած մոդելում Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ, օրինակ, կոլխոզ, ինչ է թե՝ ինքը լինի կոլխոզի նախագահ:

Կամ գիշերային ակումբ, կարևորը՝ ինքը լինի դրա տնօրենը:

Իսկ Հայրենիքը նրան պետք չէ, քանզի Հայրենիքում չկա իշխանություն, փող, պաշտոն, տենդեր, օխրանա: Հայրենիքին պիտի տաս սեր, տաղանդ, քրտինք, կյանք, իսկ պետությունից կարող ես վերցնել, պոկել, քերել, լափել: Նա պետությունը փորձում է իրենով անել, բայց Հայրենիքը սեփականացնել չի կարող, ուստի որոշել է վերացնել Հայրենիքը:

Ի դեպ, կիսագրագետ Փաշինյանի ջանքերը՝ հանդես գալ որպես գաղափարաբան, մտածող (անգլ.՝ thinker) ևս մեկ ապացույց են, որ նա սրընթաց ընկնում է ավտորիտարիզմի գիրկը:

Քաղաքականությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ ավտորիտար կառավարիչները փորձել են ներկայանալ ազգի առաջնորդներ և իրենց ժողովուրդների համար նոր էության ստեղծողներ:

Ամենահայտնի օրինակներից են Թուրքմենստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Հյուսիսային Կորեան և այլն: Եվ ահա հիմա՝ նաև Հայաստանը:
Վերջերս կառավարական նիստերից մեկի ընթացքում Նիկոլը բողոքում էր, որ «փող ունեն, բայց բախտ չունեն»: Իրականում Փաշինյանը փոքր հարցերում խելք չունի, իսկ մեծ հարցերում՝ խիղճ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել