Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտի։
«Նախարարի և մի խումբ բարձրաստիճան զինվորականների հետ եղանք արդեն շահագործման հանձնված մոդուլային տիպի զորամասերից մեկում, շրջեցինք և տեղում ծանոթացանք մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին ու կենցաղային պայմաններին, ճաշեցինք զինծառայողների հետ։
Այնուհետ շրջեցինք առաջնագծի բարձրադիր հենակետերով, հանդիպեցինք մարտական հերթապահությունում Ամանորի գիշերը դիմավորել պատրաստվող ժամկետային զինվորներին։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ զինծառայողներին շնորհավորեցինք գալիք տոների կապակցությամբ, հետաքրքրվեցինք նրանց ծառայությամբ, տրամադրությամբ և մաղթեցինք զգոն ու անվտանգ, խաղաղ ծառայություն։
Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ և պատասխանատու ծառայության համար՝ նախարար Պապիկյանը մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին խրախուսեց արժեքավոր նվերներով։
Ես էլ իմ հերթին մարզպետի աշխատակազմի կողմից ամանորյա նվերներ հանձնեցի հայրենիքի պահապաններին։
Սուրեն Պապիկյանը հանդիպեց նաև այդ օրը ժամկետային երկամյա ծառայությունն ավարտած զինվորներին, շնորհակալություն հայտնեց բարեխիղճ ծառայության համար՝ անձամբ նրանց հանձնելով զինվորական գրքույկները։
ՀՀ Պաշտպանության նախարարի հետ բավականին հագեցած աշխատանքային օր անցկացրինք առաջնագծում` ոգևորելով ու քաջալերելով մեր զինվորներին ու սպաներին: Նրանք մեծ սիրով ընդունեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից պատրաստված փաթեթները, որոնք, բացի սնունդը, հիգիենիկ ու այլ պարագաները, նաև պարունակում էին շնորհավորանքների ու երախտագիտության ջերմ խոսքեր`ուղղված սահմանին աներեր կանգնած հայ քաջորդիներին։
Ամեն դեպքում, մենք տեսանք օրավուր ավելի ամրապնդվող ու կահավորված առաջնագիծ, մարտական բարձր ոգի կրող զինվորներ ու սպաներ»,- ֆեյսբուքում գրել է Գեղարքունիքի մարզպետը: