Դեկտեմբերի 22-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության դեսպան Խրիստոս Սոֆիանապուլոսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպան Սոֆիանապուլոսին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ դեսպանը առավելագույն ջանքեր կներդնի՝ ուղղված Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական հարաբերությունների էլ ավելի խորացմանը և ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգին, այդ թվում՝ ԵՄ հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին։
Հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումները։ Ընդգծվել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգությունները զսպելու համատեքստում: Անդրադարձ է կատարվել տրանսպորտային և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերին, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: