«Առաջարկել են կեղծ ցուցմունք տալ»․ փաստաբանն ահազանգում է, ՄԻՊ-ում ուսումնասիրություններ են սկսվել

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, սոցիալական ցանցում փաստաբան Վահան Հովհաննիսյանի՝ իր պաշտպանյալի իրավունքների ենթադրյալ խախտման հետ կապված հրապարակման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:

Առաջին հերթին հարկ է փաստել, որ մինչ սոցիալական ցանցում հրապարակում կատարելը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բարձրացված հարցի կապակցությամբ փաստաբանի կողմից բողոք չի ստացվել:

ՄԻՊ աշխատակազմում սկսված ուսումնասիրության շրջանակում կապ է հաստատվել փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով: Նշված հարցով Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ կնախաձեռնվի քննարկման ընթացակարգ և իրավասու պետական մարմիններից կպահանջվեն համապատասխան պարզաբանումներ:
Ազատությունից զրկված անձի իրավունքների ապահովման վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնելու, ինչպես նաև հարցի քննարկման ընթացքն ապահովելու նպատակով առաջիկայում Պաշտպանի ներկայացուցիչները՝ բժիշկ-մասնագետի ներգրավմամբ այց կիրականացնեն ազատությունից զրկման վայր:

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ով չի ուզում վատ զգալ ու հարամել իր շաբաթ օրը, կարող է չկարդալ:

Մի արտառոց դեպքի մասին եմ պատմելու, որը տեղի է ունեցել Հայաստանում, մեր ժամանակներում։
ՀՀ քննչական կոմիտեում մի շարքային գործ է քննվում։ Այդ գործով պաշտպանյալս 60 տարեկան է, մասնակցել է Արցախյան բոլոր պատերազմերին, 44-օրյա պատերազմին փրկել է 14 զինվորի կյանք, իր անձնական միջոցներով, այն պարագայում երբ իր տունն ունի վերանորոգման կարիք, կառուցել է Արարատի մարզի եկեղեցիներից մեկը։ Պաշտպանյալս տեղաշարժվում է անվասայլակով, ունի կալանքի կրմանը խոչընդոտող հիվանդություններ։

Այդ պայմաններում պաշտպանյալիս տանում են կալանքի և դատարանը կալանք է կիրառում։ Չբավարարվելով դրանով,՝ պաշտպանյալիս առաջարկվում է համագործակցություն՝ տալ կեղծ ցուցմունք պաշտոնատար անձանց կաշառք տալու վերաբերյալ (որը հնարավորություն կտար ձերբակալել այն պաշտոնատար անձանց, որոնք անցանկալի են վարույթն իրականացնող մարմնի համար ), հակառակ պարագայում սպառնում կալանք կիրառել նրա ընտանիքի անդամների նկատմամբ։

Պաշտպանյալս հրաժարվում է կեղծ ցուցմունք տալ, որից հետո կալանք կիրառելու նպատակով դատարան տարվելու համար ձերբակալվում է նրա որդու կինը՝ ով ունի մեկ ամսեկան կրծքով կերակրվող երեխա։ Կնոջը մեղադրանք են ներկայացնում կրծքի երեխան գրկին, հետո տեսնելով, որ այդ պայմաններում կալանքի տանելը կանցնի բոլոր սահմանները, որոշում են ձերբակալումից ազատել։
Դրանից հետո ձերբակալում են պաշտպանյալիս որդուն, այդ մեկ ամսեկան երեխայի հորը տանում դատարան և դատարանը կալանք է կիրառում։

Չբավարարվելով դրանով, վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է ձերբակալել նաև պաշտպանյալիս կնոջը, ով ծանր վիրահատությունից հետո անկողնուց դուրս գալ չի կարողանում, նրա եղբորը և եղբոր որդուն։
Հիմա նույն գործով կալանքի տակ են հայրը և որդին, այն պարագայում երբ Հայաստանում միշտ եղել է չգրված օրենք՝ մեկ հայ ընտանիքից երկու հոգու նկատմամբ կալանք չկիրառել։

Բայց Հայաստանում վաղուց արդեն չեն գործում ոչ գրված, ոչ չգրված օրենքներըը։ Սա է մեր իրավաբանության ներկա վիճակը։
Հա, մոռացա, ՄԻՊ ունեինք չէ»՞։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել