Երևանում երկու փողոց կանվանակոչվի

Երևանի ավագանին դեկտեմբերի 26-ին կայանալիք նիստին որոշումներ կընդունի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 7-րդ փողոցը (սկսվում է Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցից, հասնում` Շահամիրյանների փողոց) անվանակոչել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Կորյուն Հակոբյանի անվամբ՝ «Կորյուն Հակոբյան փողոց», իսկ Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 7-րդ փողոցը և դրա շարունակություն համարվող հատվածը (սկսվում է Գրիգոր Աղաբաբյան փողոցից, հասնում՝ Դավթաշենի 7-րդ փողոցի հ.50 հասցեի հարակից տարածք) անվանակոչել հայ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանի անվամբ` «Յուրի Երզնկյան փողոց»:

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշումների նախագծերում նշվում է՝ Կորյուն Հակոբյանը ծնվել է 1908 թվականին օգոստոսի 5-ին, Ալեքսանդրապոլում:

Վաղ հասակում ծնողների հետ տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը, այնուհետև վերադարձել է Հայաստան։
1932 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

Ուսումնառության տարիներին աշխատել է Կարո Հալաբյանի կողմից ստեղծված «Գիպրոգորում» առաջին նախագծային կազմակերպությունում։ 1937 թվականին Հակոբյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալ և պաշտոնավարել է մինչև 1947 թվականը։ 1941 թվականի հունիսի 22-ին Հակոբյանը մեկնել է ռազմաճակատ։ 1943 թվականին վնասվածք է ստանցել և վերադարձել Երևան։ 1955-1989 թվականներին եղել է «Հայպետնախագիծ» ինստիտուտի տնօրեն (1964- 1967 թվականներին՝ ՀԽՍՀ Պետշինի նախագահի տեղակալ)։

Կորյուն Հակոբյանի նախագծերով Երևանում կառուցվել են «Դինամո» մարզադաշտը (այժմ՝ «Հանրապետական», 1948), բնակելի տներ (1947-1949) Ամիրյան, Տերյան, Թումանյան փողոցներում, Հ. Պարոնյանի անվան դպրոցը (1949), առողջապահության նախարարության IV հիվանդանոցը (1963), «Դինամո» մարզասրահը (1965, Ն. Ալավերդյանի հետ), «Հրազդան» մարզադաշտը (1971, ճարտարապետ Գ. Մուշեղյանի և կոնստրուկտոր Է. Թոսունյանի հետ, ՀՀ պետական մրցանակակիր 1979), Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը (1984, ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Գևորգ Մուշեղյանի, Հրաչյա Պողոսյանի, կոնստրուկտորներ Գ. Ազիզյանի և Ի. Ծատուրյանի հետ, ԽՍՀՄ պետական մրցանակակիր 1987)։

Կորյուն Հակոբյանը մահացել է 1994թ. Երևանում:

Հայ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանը ծնվել է 1922թ. դեկտեմբերի 19-ին, Թբիլիսիում:

1934-1942թթ. եղել է Երևանի առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) նկարիչը: 1940-1941թթ. փորձաշրջան է անցել Մոսկվայի Ե.Վախթանգովի դրամատիկական թատրոնում: 1941-1943թթ. եղել է Երևանի «Սատիրայի պատուհանի» ռեժիսորը: 1943թ.-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես նկարիչ, ապա` ռեժիսոր: 1946-1947թթ. սովորել է Մոսկվայի ռեժիսորական դասընթացներում: 1949թ. ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի բարձրագույն ռեժիսորական դասընթացը, 1952թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը:

Ռեժիսորական աշխատանքն սկսել է 1953թ.-ից` նկարահանելով վավերագրական ֆիլմեր: Նրա նկարած հայտնի ֆիլմերից են` «Հասցեատիրոջ որոնումները» (1955թ., Ամասի Մարտիրոսյանի հետ), «Հովազաձորի գերիները» (1957թ.), «Առաջին սիրո երգը» (1958թ., Լաերտ Վաղարշյանի
հետ), «Իմ ընկերոջ մասին» (1959թ.), «Դժվար անցում» (1964թ.), «Ապրում էր մարդը» (1968թ.), «Կամուրջներ մոռացության վրայով» (1969թ.) և այլն: Էկրանավորել է «Խաթաբալա» (1971թ.), «Հայկական որմնանկարներ» (ըստ Է.Հովհաննիսյանի բալետների, 1972թ.), «Այս կարմիր, կանաչ աշխարհը» (ըստ Ա.Բակունցի «Միրհավ»-ի, 1975թ.) և այլ ժապավեններ: Ղեկավարել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեժիսորական ֆալուլտետը (1982թ.-ից` պրոֆեսոր):

1975թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

Յուրի Երզնկյանը մահացել է 1996թ. Մոսկվայում, հուղարկավորված է Երևանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել