Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով այսօր եզրափակիչ ելույթները խիստ հագեցած էին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Տևեցին շուրջ 3 ժամ։ Դատախազը պնդեց մեղադրանքը, իսկ մենք հիմնավորեցինք, որ այն անհիմն է թե՛ փաստական և թե՛ իրավական առումներով, և որ Արմենի նկատմամբ քրեական հետապնդումն ունեցել է քաղաքական դրդապատճառ։
Վերդիկտը կհրապարակվի առաջիկա երկուշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 10:00-ին։ Նույն տեղում»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը կորցրել էր գիտակցությունը։ Կարճ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Գրիգորյանը մահացել է:
Մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ապա կալանավորվել: