Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման հստակ ժամկետներ չկան. փոխվարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման վերաբերյալ պայմանավորված հստակ ժամկետներ չկան, մինչև տարեվերջ հանդիպումը քիչ հավանական է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Անդրադառնալով դեկտեմբերի 14-ին երկու երկրների կողմից էլ հաստատված աշխատակարգերին՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման վերաբերյալ՝ Գրիգորյանն ասաց. «Աշխատակարգը, որը մենք հաստատեցինք երեկ, նկարագրում է, թե ինչպես են երկրների հանձնաժողովներն աշխատանքային հանդիպումներ ու համատեղ նիստեր կազմակերպելու: Աշխատանքի տրամաբանությունը հետևյալն է, որ տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումներ: Եվ ճիշտ համարեցինք կանոնակարգել այդ աշխատանքի ընթացքը, մասնավորապես, թե երբ ենք հանդիպում, որտեղ ենք հանդիպում, ոնց ենք կազմում արձանագրությունը, ինչ լեզվով ենք խոսում և այլն»,-ասաց Գրիգորյանը:

Խոսելու են անգլերեն կամ ռուսերեն․ երկուսն էլ հնարավոր են:

«Հաջորդ հանդիպման վերաբերյալ պայմանավորված ժամկետներ դեռևս չկան: Սահմանազատման գործընթացը, այնուհետև նաև սահմանագծման գործընթացը, ես կարծում եմ, որ բավականին երկար կտևի, որովհետև բավականին բարդ գործընթաց է»,-ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը չբացառեց, որ հանձնաժողովների աշխատանքը կարող է տարիներ տևել։

«Հանձնաժողովների հանդիպումների ընթացքում կողմերից ամեն մեկն իր կողմից ներկայացնում է քարտեզ կամ քարտեզի հատված, իրավական փաստաթղթեր, որոնք սահմանի որևէ նկարագրություն կամ որևէ կարգավորում ունեն, և սկսվում է քննարկում, մտքերի փոխանակում»,-մանրամասնեց փոխվարչապետը:

Գրիգորյանը հիշեցրեց՝ բազմիցս հայտարարվել է, որ որպես մեկնարկային քարտեզ են ընդունում 1975-1990 թթ ամենաթարմ քարտեզները: «Մենք աշխատելու ենք բացառապես տոպոգրաֆիկ պրոֆեսիոնալ քարտեզներով, նաև պետք է աշխատենք բացառապես փաստաթղթերով, որոնք ունեն իրավական նշանակություն:

Հստակ ժամկետներ չկան, թե ինչ հաճախականությամբ են լինելու երկու հանձնաժողովների հանդիպումները, քանի որ մինչև հաջորդ հանդիպում աշխատանքները տարբեր են լինելու: Օրինակ՝ այս անգամ հանձնաժողովները քննարկել են աշխատակարգը, հաջորդ հանդիպմանը, ըստ փոխվարչապետի, կքննարկեն կանոնակարգը, ինչը շատ ավելի բարդ նախագիծ է լինելու: Այն ներքին շրջանառության իմաստով էլ ավելի շատ ժամանակ կպահանջի:

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել