Սուրենավանում տեղի ունեցած դեպքով դեռ քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա։ Այս մասին Iravaban.net-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Փորձաքննություն է նշանակված մահվան պատճառները պարզելու համար, դեռ եզրակացությունը չենք ստացել»,-հատնում է կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:23-ին, «Արարատ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ենթակայանից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի ակումբի տարածքում «Կենսաբանական մահ» ախտորոշմամբ հայտնաբերվել է նույն բնակավայրի 7-ամյա բնակչի դին:
Պարզվել է, որ դպրոց գնալու ճանապարհին՝ «Մշակույթի տան» դիմաց, 7-ամյա տղայի և ընկերների հետևից քայլել են թափառող շներ։ Երեխաները վազել են, որի ընթացքում 7-ամյա տղայի ոտքը սայթաքել է, և վերջինս ընկել է սալիկապատ հատակին՝ գլուխը հարվածելով ճանապարհի եզրաքարին, որի հետևանքով մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: