Արդարադատության նախարարությունն առաջարկում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել։
Նախագծով, ըստ էության, նախատեսվում է հնարավորություն, անկախ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի առկայության, բռնագանձումը նախ տարածել վերջինիս եկամուտների վրա, օրինակ, եթե չկան բռնագանձման ենթակա դրամական միջոցներ, և պարտապանի աշխատավարձի չափը բավարար է դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար։
«Նշված կարգավորումը, չանտեսելով կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման կարևորությունը, լրացուցիչ երաշխիք է ստեղծում պարտապանի սոցիալական դրության պաշտապանության համար, քանի որ եկամուտների վրա բռնագանձում տարածելն արդեն իսկ հիմք է պարտապանի գույքի հարկադիր իրացմանն ուղղված գործողություններ չկատարելու համար։
Այսպես, նախագծով առաջարկվում է, որ պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելուց հետո պարտապանի բոլոր եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, քանի որ ներկայումս պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն, որոշ դեպքերում նաև յոթանասունհինգ, արդյունքում՝ պարտապանը կարող է զրկվել կենսաապահովման նվազագույն միջոցներից։ Ուստի, Նախագծով առաջարկվող կարգավորումը լրացուցիչ երաշխիք է ստեղծում պարտապանի սոցիալական երաշխիքների ապահովման բնագավառում։
Միաժամանակ, կարևորելով պահանջատիրոջ օրինական շահերը՝ Նախագծով սահմանվել է, որ պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում տարածելը հիմք չէ պարտապանի գույքի վրա արգելանքներ չկիրառելու կամ կիրառված արգելանքները վերացնելու համար»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ։