Ժողովրդին հուզող հայտնի քրեական գործերը կարող են առաջիկա ամիսներին հասնել հանգուցալուծման, եթե քրեական դատարանները հնարավորինս շուտ բեռնաթափվեն. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։
«Հազարավոր այլ քրեական գործեր նույնպես տարիներով չեն ձգձգվի և մարդիկ երկարատև անորոշության մեջ չեն սպասի ճակատագրական վճիռների, եթե քրեական դատարաններում մեկ դատավորի մոտ գործերի քանակը այլևս մի քանի անգամ չգերազանցի միջին եվրոպական բեռնվածությանը:
Նման բեռնաթափման համար կամ պետք է քրեական դատավորների թիվը առնվազն կրկնապատկվեր և մոտարկվեր եվրոպական մինիմումին, կամ գտնվեին քրեական դատավարության օպտիմալացման օրենսդրական լուծումներ: Բարձրագույն դատական խորհուրդը և քրեական ոլորտի տասնյակ դատավորներ 2022-ի դեկտեմբերին նախընտրեցին նախաձեռնել խնդրի լուծման օրենսդրական ճանապարհը, որը պետական բյուջեի վրա հսկայական լրացուցիչ բեռ չէր ենթադրում:
Արդեն Ազգային ժողովում առաջին ընթերցում անցած օրենսդրական փոփոխության արդյունքում՝ քրեական գործերով առաջին անգամ ոչ մեծ հանցանք կատարելու դեպքում (օրինակ` խմած մեքենա վարելու) հնարավոր է մեղքն ընդունել, գալ հաշտության և ազատվել անհարկի դատարան ներկայանալու պարտավորությունից:
Այսպիսով, քաղաքացիները հնարավորություն են ստանալու խնայել իրենց ժամանակն ու ռեսուրսները, իսկ քրեական դատարանները կբեռնաթափվեն շուրջ 40 տոկոսով:
Այս և մի շարք այլ կարևորագույն փոփոխություններով օրենսդրական փաթեթի մշակումն ու քննարկումները ընթացան ողջ 2023 ընթացքում, իսկ ամբողջական ընդունումը սպասվում է առաջիկա շաբաթներին: Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Կառավարությանը, Ազգային Ժողովին, Արդարադատության նախարարությանը, Քննչական կոմիտեին, Դատախազությանը, Հակակոռուպցիոն կոմիտեին, Եվրոպայի խորհրդին»: