Ինչպես արդեն հայտնել ենք՝ գործարկվել է Haytnir.am ազդարարման այլընտրանքային քաղաքացիական հասարակության նոր հարթակը, որի միջոցով քաղաքացիները կարող են բացահայտ ու անանուն հայտնել իրենց հայտնի կոռուպցիոն և այլ դեպքերի մասին։
Iravaban.net-ը հարթակի և դրա հետ կապված այլ հարցերի մասին զրուցել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի հետ:
Ըստ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահի՝ Haytnir.am հարթակը կոռուպցիոն ռիսկի, կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային ծառայողի շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված առերևույթ խախտման կամ այլ առերևույթ իրավախախտումների մասին ազդարարի կողմից ներկայացրած հայտերին (ազդարարումներին) արագ արձագանքելու և դրանք ըստ իրավասու մարմինների քննության ուղարկելու առցանց հարթակ է։ Այստեղ ապահովված է ներկայացված հայտերի պաշտպանության (անվտանգության) բարձր մակարդակ: Ծրագրերի համադրությունը ծածկագրում (կոդավորում) է ներկայացված տեղեկատվությունը և հետևաբար պաշտպանում է այն կողմնակի միջամտությունից: Հայտ ներկայացնողները կարող են անանուն հանդես գալ և հաղորդել վերը նշված առերևույթ իրավախախտումների կամ այդ իրավախախտումների վերաբերյալ ողջամիտ կասկածների վերաբերյալ տեղեկատվություն։
Հայտ կարող է ներկայացնել յուրաքանչյուր անձ, այդ թվում` պետական և տեղական ինքնակառավարման, մասնավոր ընկերությունների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև այլ անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպել են կոռուպցիոն ռիսկերի, կոռուպցիոն բնույթի դեպքերի, հանրային ծառայողների կողմից շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված առերևույթ խախտման կամ այլ առերևույթ իրավախախտումների, կամ ունեն վերը նշված դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն։
Haytnir.am հարթակի հիմնական նպատակն է վստահության խողովակ հանդիսանալ այն ազդարարների համար, ովքեր չեն վստահի պետական www.azdararir.am ազդարարման միասնական հարթակին և միևնույն ժամանակ քաղաքացիներին ուղղորդել դեպի www.azdararir.am:
Դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, Կարեն Զադոյանը նշեց, որ ազդարարման համակարգը լավն է, սակայն ՀՀ դատախազության կողմից գործարկվող www.azdararir.am ազդարարման միասնական հարթակի արդյունավետությունը ցածր է։ Բանախոսի խոսքով՝ պետք է փոխվեն ազդարարման համակարգի և ազդարարողների վերաբերյալ հանրային ընկալումները։ Դեռևս խորհրդային տարիներից հասարակությունում խորացած կարծրատիպերն են խանգարում ազդարարման համակարգի զարգացմանը։
«Մեր հիմնական ուղերձն է, որ ազդարարները «գործ տվողներ» չեն։ Նրանք պարկեշտ, ազնիվ, օրինապաշտ, իրենց երկիրը սիրող քաղաքացիներն են։ Այս կերպարը պետք է հանրության շրջանում ներկայացնել։ Ընկալումները պետք է փոխվեն նաև պետական պաշտոնատար անձանց մոտ։ Ազդարարները պետք է գիտակցեն իրենց առաքելության կարևորությունը։ Նրանց պետք է ջատագովել, խրախուսել՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ ազդարարելու համար»,-նշեց Կարեն Զադոյանը։
Թեմայի վերաբերյալ Hraparak.am-ը մեկնաբանություն է խնդրել Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանից։ Վերջինս հանգամանալից բացատրել է հարթակի ստեղծման և գործարկման իմաստը, նպատակներն ու ոլորտում առկա խնդիրները։
Ինչպես և մեկնաբանությունում նշել է Կարեն Զադոյանը՝ «Haytnir.am ազդարարման առցանց հարթակի հիմնական նպատակն է՝ Հայաստանում խթանել կոռուպցիայի դեմ պայքարը, ստանալ հանրության աջակցությունը հակակոռուպցիոն պայքարում, օժանդակել ազդարարման համակարգի բարելավմանը, նպաստել ազդարարների վերաբերյալ Հայաստանում հանրության շրջանում ձեւավորված իրավամտածողության եւ մշակույթի փոփոխմանը՝ ձգտելով ազդարարի՝ որպես ՀՀ քաղաքացու դրական եւ պահանջատեր իմիջի կերտմանը»։
Չնայած սրան՝ Hraparak.am-ը անբարեխիղճ լրագրության դիտանկյունից մոտենալով նյութին` հրապարկման վերնագիր էր ընտրել՝ ««Գործ տվողների» համար երկրորդ հարթակն է ձևավորվել» և նյութը հրապարակվել է Կարեն Զադոյանի լուսանկարով։
Կարեն Զադոյանը նշեց, որ լրագրողը բարեխիղճ կերպով չի ներկայացրել թե՛ հարթակի, թե՛ բանախոսի միտքը, իսկ լրագրողի խմբագիրն էլ պատշաճ հսկողություն չի իրականացրել այս կապակցությամբ։ «Ինչպես արդեն վերևում նշեցի, մենք բազմիցս հայտարարել ենք, որ ազդարարները «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ, ազնիվ, օրինապաշտ, իրենց երկիրը սիրող քաղաքացիներն են։ Այս կերպարը պետք է հանրության շրջանում լայնորեն ներկայացնել»,-նշեց նա։
Ողջամիտ դիտորդի մոտ տպավարություն է ստեղծվում, որ «Հրապարակի»-ի լրագրող Հայկ Գևորգյանի և լրագրողի խմբագիր Արմինե Օհանյանի համար ազդարարները «Գործ տվողներ» են` այնինչ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի համար նրանք պարկեշտ, ազնիվ, օրինապաշտ քաղաքացիներն են:
Ավելին՝ «Հրապարակի»-ի լրագրող Հայկ Գևորգյանը չի էլ տարբերակել azdarar.am Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքն ու azdararir.am ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը և Hraparak.am– հրապարակված նյութում շտկումը կատարել է միայն զգուշացումից հետո, ինչը փաստում է, որ ո’չ «Հրապարակի»-ի լրագրող Հայկ Գևորգյանը և ո’չ իր խմբագիր Արմինե Օհանյանը ոչ միայն բարեխիղճ լրատվություն չեն իրականացնում, այլն նաև չեն տիրապետում և տարրական գիտելիքներ չունեն ազդարարողների և ազդարարման համակարգի ոլորտի, դրա կարգավորումների և խնդիրների վերաբերյալ։
Կարեն Զադոյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստ է «Հրապարակի»-ի լրագրող Հայկ Գևորգյանի և լրագրողի խմբագիր Արմինե Օհանյանի համար ազդարարման համակարգի և բարեխղճության թեմայով անվճար հիմունքերով երկժամանոց դասընթաց կազմակերպել, եթե վերջիններս իհարկե նման ցանկություն ունենան և համապատասխան խնդրանքով դիմեն իրեն:
Hraparak.am-ը հրապարկված նյութի հեղինակը որպես եզրահանգում նշել էր, թե «գուցե հասարակական կազմակերպությունը նման ծրագիր իրականացնելու համար դոնոր է գտել․․․»։ Հարկ էր ուղղակի բարեխիղճ լինել և նյութում արտացոլել Կարեն Զադոյանի կողմից լրագրողին ներկայացված հետևյալ տեղեկատվությունը.
«Haytnir.am հարթակը ստեղծվել է «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական Միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ։ Հարթակի մեթոդաբանության հեղինակային իրավունքը պատկանում է Իրավաբանների հայկական ասոցիացիային: Հարթակը գործարկում է Իրավաբանների հայկական ասոցիացիան»։
Իսկ եթե լրագրողն ու իր խմբագիրը ավելի բարեխիղճ լինեին՝ ընդամենը կարող էին մտնել Haytnir.am կայք, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ինչ ֆինանսներով և ինչ ծրագրի շրջանակներում է կայքը ստեղծվել և թե ինչ նպատակ ու խնդիր ունի։