2023 թվականի դեկտեմբերի 11-ին կայացել է ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմի կողմից հաստատված 11 խորհրդատվական կարծիքների ներկայացումն ու քննարկումը։
Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը։
Ներկայացվել են ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի գործունեության շրջանակներում մշակված տարբեր ոլորտներին առնչվող խորհրդատվական կարծիքները, որոնց շուրջ շահագրգիռ մարմինների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում։
Խորհրդատվական կարծիքներից մեկը Պրոբացիայի ծառայությունը կարգավորող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ էր, որը հեղինակել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, իրավաբան Մարատ Ատովմյանը։ Ըստ կարծիքի՝ Ազգային Ժողովի վեցերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է եղել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնցով նախատեսվում է պետական ծառայության նոր տեսակ՝ պրոբացիայի ծառայություն։ Ըստ հեղինակի՝ այս նախագիծը խիստ մտահոգիչ է։ Նախագծային կարգավորումները, այդ թվում՝ պրոբացիայի ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի նախատեսումը, չեն բխում հանրային ծառայության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունից, բացի այդ, բացակայում է պետական ծառայության առանձին տեսակ նախատեսելու համար անհրաժեշտ անկյունաքարային հանգամանքը, այն է՝ այնպիսի բացառիկ գործառութային առանձնահատկությունների առկայություն, որը բացառում է համապատասխան մարմնի գործունեությունը քաղաքացիական ծառայության համակարգում։
Նաև պետք է ընդգծել, որ այս նախագիծը չի անցնել հանրային քննարկում իրավաբանական, փորձագիտական և մասնագիտական հանրույթի, ինչպես նաև մասնագիտացված ՔՀԿ-ների հետ։
Հիշյալի վերաբերյալ քննարկման շրջանակներում իր մտահոգությունները ներկայացրեց նաև ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը, որը հարց ուղղեց Արդարադատության նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալ Լևոն Բալյանին՝ առաջարկելով հայտնել, թե արդյոք հիշյալ իրավական ակտերը մշակելիս կատարվել է միջազգային փորձի ուսումնասիրություն, հայաստանյան իրավիճակի վերլուծություն և քարտեզագրում, որոնք կտրամադրեին փաստարկված հիմնավորումներ՝ այս փոփոխությունների կատարման անհրաժեշտության համար։ Ի պատասխան, փոխնախարարը նշեց, որ միջազգային փորձի ուսումնասիրություն չի կատարվել։ Ավելին, իրավական ակտերի նախագծերը մասնագիտական կազմակերպությունների և փորձագետների մասնակցությամբ հանրային քննարկում չեն անցնել, և փաստացի այս նախագծերը չունեն հանրային կոնսենսուս։
ԻՀԱ-ն խիստ մտահոգված է այն հանգամանքից, որ նույն օրը ընթացող քննարկմանը զուգահեռ՝ ՀՀ ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը՝ առանց հաշվի առնելու և քննարկելու մասնագիտական հանրույթի մտահոգությունները, իրավական և փորձագիտական կարծիքները։ Սրանով ԱԺ-ը հերթական անգամ նպաստեց իրավական գործընթացների շղարշային անցկացնելու արատավոր պրակտիկայի զարգացմանը։ Կոչ ենք անում ԱԺ-ին՝ նախքան նախագծերի ընդունումը դրանց վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկում մասնագիտական հանրույթի և մասնագիտացված ՔՀԿ-ների հետ, և միայն շահագրգիռ կողմերի կարծիքները և փաստարկները լսելուց հետո՝ քննարկել իրավական ակտի ընդունման նպատակահարմարությունը։