Ամերիկյան համալսարանում դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը՝ որպես քաղաքացիական դատավարության տարբերակված ձև» խորագրով գրքի 1-ին մասի պաշտոնական շնորհանդեսը, որը կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանատան կողմից՝ անձամբ ԱՄՆ դեսպանի պատվավոր հովանու լույսի ներքո՝ դատական իշխանության ներկայացուցիչների, դատախազության ներկայացուցիչների, Արդարադատության ակադեմիայի, Երևանի ետական համալսարանի վարչական և դասախոսական կազմի, Փաստաբանների պալատի և այլ մարմինների ներկայացուցիչների ներկայությամբ:
Գիրքը մշակվել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության («ԹՊԻՀ», «INL») գրասենյակի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանի քրեական արդարադատության ոլորտի բարեվարքության ամրապնդման ծրագրի 2-րդ փուլի» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության («ԶԻՄԿ» «IDLO») կողմից: Գրքի հեղինակային իրավունքը պատկանում է Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպությանը և բոլոր իրավունքները պահպանված են:
Գրքի համահեղինակներն են՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Գոռ Թորոսյանը, Հայարփի Զարգարյանը և Հովիկ Շահնազարյանը, ինչպես նաև Վ. Կասկոն (դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի անդամ, կոռուպցիայի դեմ պայքարի, փողերի լվացման դեմ պայքարի, բարեվարքության ստուգման ոլորտներում միջազգային իրավական փոփոխության ոլորտներում INL-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի հանձնաժողովի, Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, ԵԱՀԿ-ի միջազգային փորձագետ), Վ. Հովհաննիսյանը (ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր):
Գիրքը տպագրության է երաշխավորվել Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից:
Iravaban.net-ի հետ զրույցում գրքի համահեղինակ Գոռ Թորոսյանը նշեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը հանդիսանում է ոչ օրինական ուղիներով ստացված եկամուտները պետությանը և հասարակությանը վերադարձնելու լավագույններից մեկը: «Ըստ էության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը, ի թիվս այլնի, սոցիալական արդարության վերականգնման, կոռուպցիայի դեմ պայքարի և հանրային շահերի պաշտպանության իրավաչափ նպատակներ է հետապնդում, որոնց հասնելու համար միայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք) և դրա կարգավորումների որակը չունի բացառիկ նշանակություն, և հարկ է ապահովել Օրենքի այնպիսի պատշաճ կիրառելիություն, որը թույլ կտա գործնականում ապահովել այդ նպատակների իրագործումը: Ընդ որում, հաշվի առնելով այն իրողությունը, որն Օրենքի՝ մինչդատական վարույթին վերաբերող կարգավորումները հաճախ հարցեր են առաջացնում ինչպես իրավական հանրության, այնպես էլ քաղաքացիների մոտ, առկա է հասունացած պահանջ՝ բացահայտելու Օրենքի դրույթների մեկնաբանությունը, ցույց տալու դրանց կիրառական պրակտիկան և ընդգծելու դրանց նպատակային նշանակությանը համահունչ մեկնաբանությունը, որն առավել բացահայտ կերպով կնկարագրի Օրենքի դրույթների դերն ու նշանակությունը՝ ընդգծելով որոշ կառուցակարգերին պրակտիկայում հաճախ չափազանց մեծ նշանակություն տալը կամ հակառակը: Ներկայացվող աշխատանքը դրա առաջին փորձերից է»,-նշեց նա:
Աշխատանքի ստեղծման հիմնական նպատակն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենսդրության վերլուծությունն է, դրանում առկա իրավակարգավորումների բնույթի բացահայտումը՝ հաշվի առնելով, որ թերևս առկա չէ դատական կամ մինչդատական վարույթի գործերի քննության մեծ փորձ, ու հնարավոր չէ որոշակիացնել այն մոտեցումները, որոնք քիչ թե շատ կարող են ընդունելի լինել կամ ողջամտորեն քննադատվել կամ առնվազն քննարկվել:
«Աշխատանքում հիմնական շեշտադրումը կատարվել է ոչ թե քննարկվող հարցերի գիտական մոտեցումների, գործող օրենսդրական կարգավորումների թերությունների վերհանման, դրանց քննադատության և օրենսդրական փոփոխություններ առաջարկելու վրա, այլ առաջին հերթին կարևորվել է գործող իրավակարգավորումների բնույթը և որոշ առանձնահատկությունները բացահայտելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հաճախ հանդիպող հարցերի վերաբերյալ ներկայացվել են գործնական մոտեցումներ, և բացահայտվել է Օրենքի դրույթների իրական նշանակությունը և երբեմն ոչ այդքան հստակ բովանդակությունը: Նշված նպատակադրումը պայմանավորված է նրանով, որ իրավաբանական հանրությանն առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ առկա օրենսդրական կարգավորումների էությունը, նպատակը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը՝ որպես համակարգ, հատկապես՝ մինչդատական փուլի մասով, որից հետո կարելի է քննարկել գործող օրենսդրության, դրա առանձին ձևակերպումների բարեփոխման հարցերը»,-ասաց Գոռ Թորոսյանը:
Հայարփի Զարգարյանը նշեց, որ աշխատանքով փորձ է կատարվել նաև փարատել իրավաբանական հանրության այն մտավախությունները, հակասական, հաճախ նաև անհանդուրժողական մոտեցումները, որոնք ձևավորվել են համանուն օրենքի կամ ինստիտուտի նկատմամբ անվստահության, թերահավատ մոտեցման պատճառով՝ ընդգծելով կոռուպցիայի կամ այլ եղանակով ապօրինի հարստացման դեմ պայքարի ՀՀ օրենսդրության մեջ այս ինստիտուտի առաջին և աննախադեպ ներդրման և բարեփոխման անհրաժեշտությունը, որի գործնական կիրառելիության արդյունքը թերևս կանխատեսելի չէ:
«Աշխատանքն իր մեջ չի ներառում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ամբողջ գործընթացը: Այն նվիրված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մինչդատական՝ ուսումնասիրության փուլին: Աշխատանքում քննարկվել են նաև ուսումնասիրության մինչդատական փուլի նկատմամբ դատական վերահսկողության, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մինչդատական վարույթում միջազգային համագործակցության մի շարք հիմնահարցեր, որոնցից մի մասի կապակցությամբ արդեն իսկ առկա է դատական պրակտիկա»,-ասաց դատավոր Զարգարյանը:
Դատավորները նշում են, որ իրենց նպատակը սույն աշխատությամբ որոշակի վերջնական լուծումներ առաջարկել կամ պարտադրելը չէ:
Աշխատության տրամաբանական շարունակությունը պետք է լինի նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական վարույթի վերաբերյալ ուսումնասիրությունների ներկայացումը, որը կհրատարակվի առանձին աշխատության ձևով:
Հովիկ Շահնազարյանի խոսքով՝ այս աշխատությունը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ, քանի որ դրանով լուսաբանված և բացահայտված են Օրենքի նպատակներին համահունչ կարգավորումների էությունն ու բովանդակությունը՝ արձանագրելով, որ ինչպես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ողջ պրոցեսը, այնպես էլ դրա առաջնային և առանցքային նախնական մասը՝ մինչդատական վարույթը, պետք է իրականացվի Օրենքի և հատկապես՝ հանցագործության ու կոռուպցիայի դեմ պայքարի հանրային գերակա նպատակներով, նման արատավոր երևույթներից մարդկության և առհասարակ պետականության անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, դրանց վտանգավորության աստիճանով, այն ընդգծում է հետագայում ապօրինի ճանապարհով հարստացման դեպքերի կանխարգելման հրամայականը, և այս բոլորը, անշուշտ, բխում է հանրային իշխող պահանջից և հանրային պահանջմունքից բխող՝ պետության շահերից: Հանցավոր ճանապարհով ստացված ակտիվների բռնագանձման կիրառումը վերահաստատում է կարևորագույն սկզբունքը՝ ոչ ոք չպետք է եկամուտներ ստանա հանցավոր ճանապարհով։
Լուսանկարները՝ ԱՄՆ դեսպանատան կայքի և ֆեյսբուքյան էջի 12.12.2023 թվականի հրապարակում: