Իմ պաշտոնավարման ավարտից հետո էլ մնալու եմ վայոցձորցու կողքին. Արարատ Գրիգորյան

Վայոց ձորի արդեն նախկին մարզպետ Արարատ Գրիգորյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ վայոցձորցիներ, գործընկերներ, բարեկամներ

Ավարտելով իմ աշխատանքային գործունեությունը Վայոց ձորի մարզպետի պաշտոնում՝ ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին բարձր վստահության, գործադիր և օրենսդիր մարմինների գործընկերներին, դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին արդյունավետ և կառուցողական աշխատանքի համար, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ողջ անձնակազմին, ուժային կառույցների մարզային պատասխանատուներին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, կրթական, առողջապահական հաստատությունների, այլ ոլորտների ներկայացուցիչներին, բոլոր վայոցձորցիներին, որոնց հետ անցել եմ այս բարդ ու պատասխանատու ճանապարհը՝ համատեղ ուժերով հաղթահարելով ընթացիկ խոչընդոտներն ու դժվարությունները, որդեգրելով մարզի բնակչի կյանքն ավելի լավը դարձնելու ամենօրյա հետևողական աշխատանքի սկզբունքներ․ չէ՞ որ որևէ անհատ կամ պաշտոնյա չի կարող հաջողության հասնել իր գործում, եթե չունենա արհեստավարժ թիմ եւ փորձառու համախոհներ։

Անցած չորս տարիներին իմ աշխատանքային գործունեության հիմնաքարն եմ համարել հրապարակայնությունն ու հաշվետվողականությունը, թափանցիկությունն ու հասարակական պատասխանատվությունը։ Համահունչ գործելով ՀՀ կառավարության ուղենշած կառավարման բնագավառում նոր մշակույթի և մոտեցումների արժեհամակարգին՝ մեծապես կարևորել եմ գործընկերային հարաբերությունները, առողջ և կառուցողական քննադատության պարագայում հասարակության բոլոր հատվածների համար երկխոսության պատրաստ լինելը, խնդիրներին իրատեսական լուծումներ տալը։

Իմ ուժերի ներածին չափով, մարդկային հատկանիշներով, մասնագիտական և կառավարչական կարողություններով, մարզին և պետությանը լավագույս ծառայելու նախանձախնդրությամբ ջանք ու եռանդ չեմ խնայել բարձր պահելու վայոցձորցու պատիվն ու արժանապատվությունը, դառնալու նրա համար ոչ միայն պաշտոնյա, այլև իր հոգսերը, խնդիրները, մտահոգությունները կիսող մարդ։

Թիմային համատեղ աշխատանքի առաջնային և գերակա խնդիրն եմ համարել քաղաքացիների շրջանում պետության հանդեպ վստահության ամրապնդումը, հանրային իշխանությունների նկատմամբ հավատի մեծացումը, ակնառու փոփոխությունների արժևորումը։
Հուսով եմ, որ վերջին տարիներին մարզում կատարված ներդրումները, իրականացված սուբվենցիոն ծրագրերը, մարզի ենթակառուցվածքների զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված ջանքերն իրենց ցանկալի և տևական արդյունքներն են տալու։ Ժողովրդի անաչառ գնահատականը կլինի կատարված աշխատանքի լավագույն ցուցիչը։

Իմ պաշտոնավարման ավարտից հետո էլ մնալու եմ վայոցձորցու կողքին, իմ ունեցած բոլոր հնարավորություններով և կապերով փորձելու եմ սատար լինել նրան, և ակնկալում եմ, որ մեր անկեղծ բարեկամությունը լինելու է շարունակական՝ ի շահ մարզի և վայոցձորցու:

Լավագույն մաղթանքներով՝ Արարատ Գրիգորյան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել