Գործադիրը մի շարք փոփոխություններ եւ լրացումներ է նախատեսել Քրեական, Քրեական դատավարության եւ Քրեակատարողական օրենսգրքերում: Նոր կարգավորումներն ԱԺ դեկտեմբերի 8-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:
Հայտնում են Ազգային ժողովից։
Քրեական օրենսգրքով նախատեսվում է առողջությանը թեթեւ վնաս պատճառելու հանցակազմի համար նախատեսել այնպիսի ծանրացնող հանգամանք, որն է՝ արարքը ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով հանցանքը կատարելը: Խնդիրն այն է, որ առողջությանը վնաս պատճառելու համար օրենսգրքով նախատեսվող մյուս բոլոր հանցակազմերի դեպքում որակյալ այս հատկանիշը սահմանված էր, սակայն առողջությանը թեթեւ վնաս պատճառելու համար սահմանված չէր:
Օրենսգրքում փաստացի քրեական վարույթով ապացույց կեղծելու պայմաններում նման արարքի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Փոփոխությամբ առաջարկվում է հոդվածը լրացնել՝ ներառելով նաեւ քրեական վարույթով ապացույց, բացատրություն կամ դատավարական փաստաթուղթ կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույց ներկայացնելը:
Ռեցիդիվի եւ համաձայնության տուգանք նշանակվելու վարույթների հետ կապված նախատեսվում է հանցագործության ռեցիդիվի դեպքում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման պատժատեսակը նշանակելու դատարանի պարտականությունը, եթե կատարված հանցանքի համար պատասխանատվություն սահմանող հոդվածի սանկցիայում կան այդ պատժատեսակները: Սահմանվում են նաեւ հանցագործությունների ռեցիդիվի դեպքում ազատությունից զրկելու հետ չկապված պատժատեսակների նվազագույն շեմերը:
Քրեական դատավարության օրենսգրքում ավելացվում է հատուկ վարույթ՝ համաձայնությամբ տուգանք նշանակելը: Նախաքննության ավարտին, եթե անձը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանքի համար, առաջին անգամ է հանցանք կատարել եւ փաստաբանի ներկայությամբ համաձայնություն է տալիս, որ իր նկատմամբ կիրառվի համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը, ապա քննիչն արձանագրում է տվյալ իրավիճակը, ստանում դատախազի համաձայնությունը, եւ այս վարույթի շրջանակում քրեական վարույթը փոխանցվում է դատաքննության: Դատավորը, եւս մեկ անգամ համոզվելով, որ առկա են այս վարույթը կիրառելու բոլոր հիմքերը եւ չկան բացառող հանգամանքներ, արձանագրային եղանակով սահմանված ժամկետում նշանակում է տվյալ հանցագործության համար սանկցիայում առկա տուգանքի նվազագույն չափով պատժատեսակը: Փոխնախարարի գնահատմամբ նման կարգավորումը հնարավորություն կտա բեռնաթափել նախաքննական եւ դատաքննական մարմինների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաեւ գործընթացն իրականացնել թղթային-արձանագրային կարճ ժամանակահատվածում:
Արա Մկրտչյանը ներկայացրել է եւս մեկ կարեւոր փոփոխություն, որը վերաբերում է պատշաճ ծանուցված անձի՝ հիվանդության պատճառաբանությամբ չներկայանալուն: Նա նշել է, որ բազմաթիվ դժգոհություններ են հնչում, որ դատավարությունները եւ նախաքննությունները ձգձգվում են, երբ մասնակիցներն անհարկի պատճառաբանություններով եւ հիմքերով չեն ներկայանում քննչական եւ դատավարական գործողություններին: Ներկայացվում են տարբեր տեսակի բժշկական փաստաթղթեր, սակայն քննիչը կամ դատավորը, չլինելով ոլորտի մասնագետներ, չեն կարողանում պատշաճ գնահատել տվյալ պահին դատավարության մասնակցի՝ քննչական կամ դատավարական գործողությանը մասնակցելու հնարավորությունը կամ անհնարինությունը: Այս հանգամանքը կարգավորելու համար սահմանվում է լիազորող նորմ, որով լիազոր մարմինը պետք է սահմանի հիվանդության վերաբերյալ փաստաթղթի տրամադրման կարգը եւ տեսակը: Այսինքն` միայն սահմանված ձեւի տեղեկանքի ներկայացմամբ դատավարության կամ նախաքննության մասնակիցը կարող է հետաձգել իր մասնակցությամբ կատարվող քննչական կամ դատավարական գործողությունը:
Հաջորդ փոփոխությամբ, երբ անձի նկատմամբ կսահմանվի գրավ, վերջինս երեք օրվա ընթացքում պետք է ներկայացնի գրավը մուծելու վերաբերյալ փաստաթուղթ: Նման փաստաթուղթ չներկայացնելու դեպքում դատարանին հնարավորություն է տրվում եւս մեկ անգամ քննարկել գրավի կիրառման նպատակահարմարությունը: Կատարվել են նաեւ տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Պատգամավորները հարցադրումներում խոսել են դատական գործընթացների ձգձգումների, բժշկական փաստաթղթերի ներկայացման հստակեցման արդյունքում անձի իրավունքի սահմանափակման հնարավորության, սանկցիաների կիրառման եւ մի շարք հանցակազմերի համար նախատեսված պատժամիջոցների պարզաբանման շուրջ: Փոխնախարարն արձագանքել է պատգամավորների մտահոգություններին:
Հարակից զեկույցում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանն ընդգծել է, որ Քրեական, Քրեական դատավարության եւ Քրեակատարողական նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո իրականացված մոնիտորինգի արդյունքում վեր են հանվել նոր օրենսգրքերի դրույթների կիրառմամբ ծագող խնդիրներ, որոնց լուծմանն էլ ուղղված են այս կարգավորումները: