Համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ Հրազդանում իրականացվել է շների սպանդ։
Iravaban.net-ը կապ հաստատեց Հրազդանի համայնքապետարանի հետ։ Մեզ հետ զրույցում Հրազդանի համայնքապետարանի մամուլի քարտուղարը հաստատեց լուրը։
«Կատարվածի մասով տեղյակ ենք, տեղյակ ենք լինելուց հետո։ Այս պահին հասարակական կազմակերպություններից ունենք դիմումներ։ Տեղյակ ենք նաև, որ իրավապահ մարմինները զբաղվում են»,-նշեց նա։
Նա ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Հրազդանի Միկրոշրջան թաղամասում, սակայն նրանք որևէ հստակ թիվ չունեն։
«Ունենք նաև բազմաթիվ դիմում-բողոքներ բնակչությունից՝ կապված թափառող շների հետ։ Երեխաների վրա են հարձակվում։ Այդ բողոքները բազմաթիվ են։ Հարցը գլոբալ է։ Թափառող շների թվաքանակը շատ է քաղաքում։ Մենք երկու անգամ ստերջացման մրցույթ ենք հայտարարել։ Գործընթացն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, բայց անարդյունք։ Կացարանների խնդրի վերաբերյալ աշխատանքներ տանում ենք։ Եկող շաբաթ էլ ունենք պայմանավորվածություն, որպեսզի քննարկենք, հասկանանք։ Մյուս քաղաքներում մի գուցե քիչ է։ Հրազդանը խոշորացված է, մեծ է և քաղաքում ահավոր շատ են թափառող շները։ Չգիտեմ, ոնց պետք է լուծվի, բայց աշխատանքներ տանում ենք»,-նշեց նա։
Iravaban.net-ը կապ հաստատեց նաև ոստիկանության հետ։ Ի պատասխան հայտնեցին՝ ահազանգ ստացել են։
«Մի կին հաղորդում է ներկայացրել այդ մասով։ Հայտնաբերվել է երկու սատկած և մեկ վիրավոր շուն։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,-հայտնեցին ոստիկանությունից։
Լուսանկարը՝ Օվսաննա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից։